Մատչելիության հղումներ

«Մտադիր եմ քաղաքական Նոյյան տապան ստեղծել». Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի

Գագիկ Ծառուկյանը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի իր ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով: Մեծահարուստ գործարարը դաշինք չի կազմի, ԲՀԿ նախընտրական ցուցակում կլինեն ինչպես տարբեր ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ անկուսակցականներ:

«Չի լինելու դաշինք, ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը»,- հայտարարում է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

ԲՀԿ առաջնորդն այսօր տարածած հայտարարությունում խոսելով ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին, նշել է, թե մտադիր է «քաղաքական, հանրային Նոյյան տապան ստեղծել, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկներն ու գաղափարները, լուծումները, որտեղ ամեն մարդ կգտնի իր անելիքը և երկրին օգուտ տալու իր ձևը»։

«Ինչպես Նոյը տեսավ փրկության և վերածննդի ճանապարհը, նույնը մենք պիտի փորձենք անել այսօր»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը, սակայն չի հստակեցրել, թե իր «Նոյյան Տապանում» ո՞ր ուժեր են ընդգրկվելու: Միայն ընդգծել է, որ տապանում կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի, կարևորվելու է միայն գիտելիքը:

Ըստ Ծառուկյանի.- «Անկախ իրավական լուծումից՝ այն պետք է լինի կարող անհատների «Նոյյան Տապան», որը սկիզբ կդնի նոր կյանքի, նոր հաջողությունների»։

Ծառուկյանի հետ ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը: «Ազատության» տեղեկություններով ամենայն հավանականությամբ ցուցակում կլինի նաև «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Խոսվում է նաև «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանի, նախկին արտգործնախարար Արա Այվազյանի մասնակցության մասին:

ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց.- «Առաջիկայում գումարվելիք համագումարի շրջանակներում հրապարկվելիք 30 հորիզոնականներում ընդգրկված անձինք լինելու են բացարձակ պրոֆեսիոնալ, իրենց գործի գիտակ մարդիկ, հանրության կողմից հարգանք վայելող անհատականություններ, վստահաբար, դա կարող եմ փաստել: Ես անուններ չեմ հնչեցնելու»:

Տոնոյանը թեև այսօր «Ազատության» հետ զրույցում հրաժարվեց ասել, թե կոնկրետ ովքեր են ընդգկվելու ԲՀԿ նախընտրական ցուցակում, սակայն նշեց, թե ովքեր են մասնակցել ԲՀԿ-ի «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի մշակմանը: Նրանց շարքում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Արա Այվազյանը, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում փոխվարչապետի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած, այսօր արդեն Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը, Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, Սպորտի նախկին նախարար, այսօր Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախկին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը և այլք:

Այն, որ Ծառուկյանը վարչապետի պաշտոնը չի ցանկանում և երկրի ղեկավարի պաշտոնում արդեն 3 թեկնածու ունի, ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր օրերս երիտասարդների հետ փակ հանդիպմանը:

Ինչո՞ւ Ծառուկյանը չի հավականում վաչապետի պաշտոնին

ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց.- «Դա իր անձնական ցանկությունն է և որոշումն է: Մենք խոսել ենք, բայց լիազորված չեմ մասնավոր խոսակցության մանրամասները հայտնելու, դա պարոն Ծառուկյանի ցանկությունն է»:

Ովքե՞ր են Գագիկ Ծառուկյանի վարչապետի թեկնածուները և եթե Ծառուկյանն անձամբ չի հավակնում երկրի ղեկին, արդյոք սա նշանակում է, որ ինքը չի գլխավորի նախընտրական ցուցակը, ԲՀԿ առաջնորդի խոսնակը պատասխանեց.- «Այո, կան թեկնածուներ, և ոչ թե մեկը, այլ մի քանիսը, ովքեր բացարձակ առաջատարներ են իրենց ոլորտներում, իրենց զբաղեցրած պաշտոններում, բայց ես նման լիազորություն չունեմ այդ անունները հնչեցնելու: Պատեհ պահին պարոն Ծառուկյանն ինքն անձամբ կխոսի այս մասին: Այն, որ վստահաբար ինքը գիտի և իր աչքի առաջ ունի մարդիկ, ովքեր կարող են այդ պատասխանատվությունը ստանձնել, դա միանշանակ է»:

«Ազատություն».- «Բայց Գագիկ Ծառուկյանը ներգրավված կլինի նախընտարական ցուցակում, ճի՞շտ է:

Իվետա Տոնոյան.- «Ցուցակի որևէ հորիզոնականի հետ կապված որևէ հարցի այսօր չեմ պատասխանելու: Մենք առաջիկա օրերին այդ մասին խոսելու հնարավորություն կունենանք»:

Կհաջողվի՞ արդյոք ԲՀԿ առաջնորդին այս ընտրություններում հաղթահարել անցողիկ շեմը և հայտնվել խորհրդարանում: 2021-ին Ծառուկյանի թիմը պարտություն կրեց՝ հավաքելով շուրջ 50 հազար ձայն: ԲՀԿ-ում համոզված են՝ այս անգամ իրենց կհաջողվի խորհրդարան անցնել, հակառակ պարգայում, ինչպես ԲՀԿ առաջնորդի խոսնակն է նշում, ընտրապայքարի մեջ չեն մտնի. «Մենք, բնականաբար, գնում ենք առավելագույն վստահության քվեն ձեռք բերելու հաստատակամությամբ»:

Եթե ԲՀԿ-ին հաջողվի խորհրդարան մտնել, Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը հնարավոր համարո՞ւմ է հետընտրական համագործակցությունը իշխող ՔՊ-ի հետ, թե՞ սա բացառում են, Գագիկ Ծառուկյանի խոսնակը պատասխանեց.- «Որևէ համագործակցության հարց ԲՀԿ-ի օրակարգում չկա»:


XS
SM
MD
LG