Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները նախքան Բաքվում կայանալիք COP-29-ը ստորագրեն պայմանագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Որքան տեղյակ եմ, հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ վարչապետ Փաշինյանը նախագահ Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպում ունենալ: Ավելի ճիշտ, առաջարկվել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա առաջնորդները նախքան Բաքվում COP-29-ի կայացումը ստորագրեն պայմանագիրը», - ասել է ԱԺ հանձնաժողովի նախագահը:
«Ես, անկեղծ ասած, Ադրբեջանի արձագանքից տեղյակ չեմ, բայց հույս ունեմ այս տրամաբանությունը հնարավոր կլինի իրագործել», - ամփոփել է Խանդանյանը:
COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է նոյեմբերի 11-22-ը։