Մատչելիության հղումներ

Մոսկվայում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը


Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նախագահում է Հայաստանի վարչապետը։

Հայկական կողմից նիստին մասնակցում է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ԵԱՏՄ նախագահության ընթացքում արդյունավետ գործունեության համար, ապա հաջողություն մաղթեց Բելառուսին, որը հաջորդը կստանձնի միության նախագահությունը։ Միշուստինը նաև տեղեկացրեց, որ հունվարի 10 -ին լրանում է ԵԱՏՄ 10-ամյակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելությում խոսեց ԵԱՏՄ տրանսպորտային լոգիստիկայի զարգացման պոտենցիալի մասին։ Փաշինյանը կարևորեց Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ենթադրում է ստեղծել և մոդեռնիզացնել մի շարք տրասնպորտային ուղիներ։

«Հայաստանի կառավարության նախաձեռնած այս նախագիծը վերջնական արդյունքում կապահովի բարենպաստ պայմաններ տրանսպորտային և առևտրատնտեսական կապերի զարգացման համար՝ բոլոր հետաքրքրված պետությունների համար՝ հիմնված ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա», - ընդգծեց նա։

Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ նիստի օրակարգում ինտեգրման հետագա խորացման, ինչպես նաև էներգետիկայի, արդյունաբերության և էլեկտրոնային առևտրի զարգացման ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերն են։

Մի քանի օրից՝ դեկտեմբերի 25-ին, նախատեսված է նաև ԵԱՏՄ գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ Այս միջոցառումը որոշվել է անցկացնել ոչ թե կառույցը նախագահող երկրի մայրաքաղաք Երևանում, այլ Սանկտ Պետերբուրգում։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում պարզաբանել էր, թե անձամբ ինքն է նման որոշում կայացրել։

«ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար», - հայտարարել էր վարչապետը, սակայն չէր պարզաբանել, թե ԵԱՏՄ որ անդամին նկատի ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG