Այսօր Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանն ու Սերգեյ Շոյգուն։
«Պարբերաբար մտքեր փոխանակելը կարևոր է։ Այն ամենը, ինչ կատարվում է Կովկասյան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում մասնավորաբար, մեր մշտական ուշադրության կարիքն ունի», - TACC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Շոյգուն։
Ռուսական գործակալությունը հաղորդում է նաև, որ Արմեն Գրիգորյանը հանդիպման ընթացքում խոստացել է «մանրամասներ ներկայացնել տարածաշրջանում տիրող կացության մասին»։
ՀՀ ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա երկկողմ հարաբերությունների օրակարգը, մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի շուրջ և անդրադարձել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական նոր հնարավորությունների իրագործմանը:
Հայաստանի ԱԽ քարտուղարը Մոսկվա է մեկնել ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների ղեկավարների հավաքին մասնակցելու նպատակով։