Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցում Ռուսաստանի և Իրանի մոտեցումները սկզբունքորեն նույնն են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուս պաշտոնյայի խոսքով՝ Թեհրանն ու Մոսկվան իրենց այդ դիրքորոշումը վերահաստատել են 2025 թվականի հունվարին ռուս-իրանական ռազմավարական գործընկերության պայմանագրում։
«Այդ փաստաթղթի համաձայն՝ կողմերը նպաստում են Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանմանը , համագործակցում տարածաշրջանում երրորդ ուժերի ապակայունացնող միջամտությունը կանխելու գործում։ Միակ տարբերությունն այն է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերն ապաշրջափակելու հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի անդամ է», - ասել է Զախարովան:
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անցած շաբաթ հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին:
«Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին: Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին: Մենք Հայաստանի հետ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում տարաձայնություն չունենք ու միատեսակ ենք մտածում», - նշել էր դեսպանը: