Մատչելիության հղումներ

Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվեց Հաղթանակի օրվա շքերթը, ԵՄ ԱԳ նախարարներն այցելեցին Լվով


Ռուսաստանն այսօր նշում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է ավանդական ռազմական շքերթը: Մոտ երկու ժամ տևած միջոցառմանը մասնակցել են 20-ից ավելի երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետը: Մի շարք երկրների ղեկավարներ մերժել են հրավերը, ներառյալ՝ Ադրբեջանի նախագահը:

Կարմիր հրապարակով երթով անցել են զինված ուժերի հետևակային շարասյուները, նաև ստորաբաժանումներ 13 երկրից, այդ թվում՝ Ադրբեջանից: Հայաստանը շքերթին չի մասնակցել: Ապա ցուցադրվել է ռազմական տեխնիկան, մի մասը՝ առաջին անգամ:

Շքերթին ելույթ է ունեցել նախագահը: Հարևան պետության դեմ արդեն երեք տարուց ավելի արյունալի պատերազմ վարող Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը հիշում է Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը և երբեք չի ընդունի պատմական այդ իրադարձությունների աղավաղումը, դահիճներին արդարացնելու և իրական հաղթողներին զրպարտելու փորձերը։

«Ռուսաստանը եղել է և կշարունակի մնալ անառիկ պատ նացիզմի, ռուսաֆոբիայի և հակասեմիտիզմի դեմ։ Մենք կպայքարենք այդ ագրեսիվ, կործանարար գաղափարները սատարողների կատարած վայրագությունների դեմ։ Ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմից են», - հայտարարել է Պուտինը:

Նա անդրադարձել է նաև Ուկրաինայում պատերազմին՝ ասելով, թե ողջ երկիրն աջակցում է «հատուկ ռազմական գործողության» մասնակիցներին և հպարտանում նրանց քաջությամբ ու վճռականությամբ, որը միայն հաղթանակ է բերել Ռուսաստանին։

Շքերթից հետո Կրեմլի ղեկավարը զրուցել է մասնակիցների և հյուրերի հետ, շնորհավորել վետերաններին, ապա ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի գերեզմանին:

Ռուսական զինուժը երկրորդ օրն է խախտում է Պուտինի հայտարարած հրադադարը

Մինչ Մոսկվայում նշում են Հաղթանակի օրը, ռուսական զինուժը երկրորդ օրն է խախտում է Պուտինի հայտարարած եռօրյա հրադադարը: Ուկրաինայի զինուժի փոխանցմամբ՝ վերջին 24 ժամում ռուսական ուժերը հարվածել են հրթիռներով և անօդաչուներով, ռմբակոծել մի քանի դիրքեր։ Ըստ ռուսական կողմի՝ Ուկրաինան, որը չի միացել եռօրյա հրադադարին, նույնպես հարվածներ է հասցնում, իսկ Կուրսկի և Բելգորոդի ուղղությամբ կրկին փորձել է ճեղքել սահմանը:

ԵՄ ԱԳ նախարարներն այցելել են Լվով

Մոսկվայի տոնակատարություններին զուգահեռ, Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներն այսօր՝ Եվրոպայի օրվա առթիվ, այցելել են ուկրաինական Լվով, որտեղ հարգանքի տուրք են մատուցել պատերազմի զոհերի հիշատակին:

Եվրոպացի պաշտոնյաները նաև որոշել են ստեղծել միջազգային տրիբունալ, որը Ռուսաստանի ղեկավարությանը պատասխանատվության կենթարկի Ուկրաինայի դեմ կատարած ռազմական հանցագործությունների համար: «Այս դատարանը ստեղծվում է ապագայում համապատասխան դատավճիռներ կայացնելու համար», - պարզաբանել է Ուկրաինայի արտգործնախարարը:

ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասն էլ ասել է, որ չի հասկանում, թե ինչպես կարող է որևէ առաջնորդ գնալ ու կանգնել Պուտինի կողքին, որն իր զինվորներին ուղարկում է սպանելու այլ զինվորների:

«Եվ այդ պատճառով էլ այդքան ավելորդ մահեր են լինում, մարդիկ այդքան ավելորդ տառապանքներ են կրում։ Ինչպե՞ս կարող որևէ մեկն այսօր կանգնել Մոսկվայում: Չեմ կարողանում հասկանալ», - հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:

ԵՄ-ն նաև որոշել է ռուսական սառեցված ակտիվներից 1 միլիարդ եվրո տրամադրել Ուկրաինային: Այսօր նաև հայտնի դարձավ, որ վաղը Ուկրաինայում կհանդիպեն այս երկրին աջակցել կամեցող պետությունների ներկայացուցիչները: Ուկրաինայի նախագահն ասել է, որ այս կոալիցիան պետք է բավականաչափ ուժեղ լինի, որպեսզի կարողանա եվրոպական ընդհանուր տեսլականին համապատասխան անվտանգություն երաշխավորել:

Թրամփ-Զելենսկի հեռախոսազույց է կայացել

Այս ֆոնին երեկ հեռախոսով զրուցել են Ուկրաինայի և ԱՄՆ նախագահները: Վլադիմիր Զելենսկին ավելի ուշ հայտնել է, որ Դոնալդ Թրամփին ներկայացրել է իրավիճակն առաջնագծում, նաև հաստատել՝ Կիևը պատրաստ է բանակցել ցանկացած ձևաչափով։ Սակայն Մոսկվան պետք է ապացուցի, որ լուրջ է տրամադրված, և համաձայնի լիակատար ու անվերապահ հրադադարին:

«Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի նույնիսկ այսօրվանից ... Սակայն դա պետք է լինի իրական հրադադար, հրթիռներով, անօդաչուներով հարվածներ չպետք է լինեն ... Ռուսները պետք է արձագանքեն համապատասխանաբար», - ասել է Զելենսկին:

Թրամփն, իր հերթին, սոցցանցում Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել 30-օրյա անվերապահ հրադադար հաստատել, որը ճանապարհ կհարթի դեպի տևական խաղաղություն: Սպիտակ տան ղեկավարը զգուշացրել է՝ եթե հրադադարը չպահպանվի, լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն։

«Հուսով եմ` կպահպանվի ընդունելի հրադադար, և երկու երկրներն էլ պատասխանատու կլինեն այս ուղիղ բանակցությունների ամբողջականությունը հարգելու համար։ Եթե հրադադարը չհարգվի, ԱՄՆ-ը և նրա գործընկերները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:

ԱՄՆ փոխնախագահն, իր հերթին, Fox News-ին տված հարցազրույցում ասել է, թե կարևոր է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան սեփական հստակ ծրագրերով մասնակցեն ԱՄՆ-ի հետ բանակցություններին: Ապա դարձյալ զգուշացրել՝ Վաշինգտոնը դուրս կգա գործընթացից, եթե պարզվի, որ Մոսկվան անբարեխիղճ բանակցություններ է վարում։

«Եթե դա տեղի ունենա, այո՛, մենք դուրս կգանք գործընթացից, և դա կնշանակի, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան այս խնդիրը լուծելու հարցում կմնան միայնակ՝ առանց ԱՄՆ-ի խորհուրդների ու միջնորդության», - հայտարարել է Ջեյ Դի Վենսը:

Վենսը նաև նշել է՝ Վաշինգտոնի համար սպասելի էր, որ Մոսկվան սկզբում չափազանց մեծ պահանջներ կներկայացնի խնդրի կարգավորման դիմաց։ Սակայն Ռուսաստանը չի կարող ակնկալել, որ իրեն կհանձնեն տարածքներ, որոնք դեռ չի նվաճել, ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG