Մատչելիության հղումներ

Մոսկվան սպառնում է խստացնել դիրքորոշումը՝ Պուտինի կեցավայրի վրա ենթադրյալ հարձակման պատճառով


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, կոլաժ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, կոլաժ

Ռուսաստանը կխստացնի իր դիրքորոշումը ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում այն բանից հետո, երբ, ռուսական կողմի պնդմամբ, ուկրաինական զինուժը փորձել է անօդաչուներով հարձակվել նախագահ Պուտինի՝ Նովգորոդի մարզի Վալդայ քաղաքում գտնվող կեցավայրի վրա:

Չնայած Կիևի հերքմանը, Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ դա «ահաբեկչական գործողություն է, որի նպատակն է խաթարել բանակցային գործընթացը»։ Ըստ Դմիտրի Պեսկովի՝ այն ուղղված է ոչ միայն անձամբ նախագահ Պուտինի, այլ նաև Թրամփի դեմ և նպատակ ունի խափանել խաղաղ կարգավորմանը նպաստելու Թրամփի ջանքերը, ինչը, ըստ նրա, չի ստացվի:

«Նախագահները պահպանում են երկխոսության վստահելի բնույթը և շարունակում այն։ Եվ նման սադրանքները, պետական ահաբեկչության նման գործողությունները անկարող են խաթարել երկու նախագահների միջև վստահության այս մակարդակը», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

Պեսկովը հրաժարվել է ասել, թե որտեղ է եղել Պուտինը հարձակման պահին, նշելով, որ վերջին իրադարձությունների լույսի ներքո նման մանրամասները չպետք է հրապարակվեն։

Ռուսաստանի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ենթադրյալ հարձակման փորձը տեղի է ունենում ակտիվ բանակցությունների ժամանակ: Սերգեյ Լավրովը սպառնացել է, որ Ուկրաինայի քայլն անպատասխան չի մնա, և պատասխան հարվածների թիրախներն ու ժամկետը հստակեցված են. - «Նման անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա։ Ռուսաստանի զինված ուժերի կողմից պատասխան հարվածների թիրախները և դրանց իրականացման ժամկետները որոշված են»։

Լավրովը նաև ասել է, որ Ուկրաինան և Արևմուտքը պետք է ճանաչեն նոր իրողությունը, որն ստեղծվել է, երբ «Ռուսաստանի Դաշնությանը միացան Ղրիմը, Սևաստոպոլը, Դոնեցկը, Լուգանսկը, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերը»:

Երեկ էլ Ռուսաստանի նախագահի օգնականն էր մանրամասներ ներկայացրել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից՝ թվով երկրորդը երկու օրում: Յուրի Ուշակովը պնդել էր, թե հարձակման փորձի մասին տեղեկությունը «ցնցել» է Թրամփին, որը բառացիորեն վրդովվել է և ասել, թե չէր էլ կարող պատկերացնել, որ ուկրաինական կողմը կարող է «նման խելագար քայլի» դիմել: «Փառք Աստծո, որ մենք Զելենսկիին Tomahawk հրթիռներ չտվեցինք»,- ըստ նրա՝ ասել է Թրամփը:

Ուշակովի խոսքով՝ Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ հարձակման այս փորձից հետո «Մոսկվան կվերանայի նախկինում ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների վերաբերյալ իր դիրքորոշումը»։

Ռուս պաշտոնակցի հետ երեկվա հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահն ասել է, որ Պուտինն է իրեն տեղեկացրել այդ հարձակման մասին: Թրամփն ասել է, թե վատ է, որ դա տեղի է ունենում բանակցությունների թեժ փուլում, և հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հրաժարվեց Ուկրաինային մեծ հեռահարության Tomahawk հրթիռներ վաճառելուց, որպեսզի չվնասի բանակցային գործընթացին:

«Սա զգայուն ժամանակահատված է։ Սա պատեհ պահ չէ։ Մի բան է հարձակողական գործողություններ իրականացնել, ... այլ բան է նրա տան վրա հարձակվել։ Սա պատեհ ժամանակ չէ դա անելու համար», - ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահը:

Ուկրաինայի նախագահը կտրականապես հերքել է, թե նման հարձակում է եղել՝ վստահեցնելով, որ Ուկրաինան չի անում որևէ բան, ինչը կվնասի բանակցություններին: Վլադիմիր Զելենսկիի պնդմամբ՝ սա ռուսական կողմին բնորոշ կեղծ հայտարարություն է, որը նպատակ ունի խոչընդոտել ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ գրանցված առաջընթացին:

«Հիմա ռուսներն ակնհայտորեն կեղծ պատմություն են հորինել ռուս բռնապետի նստավայրին հարվածելու մասին, որպեսզի արդարացում ունենան Ուկրաինային, մասնավորապես՝ Կիևին հարվածները շարունակելու և պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց հրաժարվելու համար», - ասել է Զելենսկին:

Ուկրաինայի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ ապացույց չի հրապարակել իր պնդումները հիմնավորելու համար: Անդրեյ Սիբիգան աշխարհին կոչ է արել ձեռնպահ մնալ չհաստատված պնդումներին պատասխանելուց, քանզի դա խոչընդոտում է խաղաղության գործընթացին:

Դիվանագիտական ճակատում այս զարգացումներին զուգահեռ՝ ռուսական զորքը գիշերը հարվածել է Զապորոժիեին և Չեռնիգովին, կա առնվազն վեց տուժած, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ռուսաստանը պնդել է, որ ևս երկու բնակավայր է գրավել Ուկրաինայի արևելքում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG