Մատչելիության հղումներ

Մոսկվան մտահոգություն է հայտնում՝ «ԵՄ առաքելությունը ՀՀ-ում ժամանակավորից կարող է դառնալ մշտական»


Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Մոսկվան անհանգստացած է՝ Երևանի թույլտվությամբ, ԵՄ առաքելությունը Հայաստանում կարող է դառնալ մշտական, «Ռիա Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք մտահոգված ենք, որ Երևանի հավանությամբ, առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, այլ սպառնում է ժամանակավորից դառնալ մշտական», - ասել է ռուսաստանցի դիվանագետը՝ հիշեցնելով՝ ապրիլից առաքելության կազմում նաև Կանադայի ներկայացուցիչների առկայությունը, ինչը, Գալուզինի խոսքով, «դե ֆակտո նշանակում է ՆԱՏՕ-ի սողացող ներթափանցում Հարավային Կովկաս»։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը նաև նշել է, որ Մոսկվան ԵՄ առաքելության հարցը մշտապես բարձրացնում է թե՛ Երևանի, թե՛ տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում։

«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հնարավոր է հասնել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի համապարփակ իրականացմամբ», - ասել է Գալուզինը։

Դիվանագետը միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել, թե Հայաստանում «արևմուտքցիները կարող են հետախուզական տվյալներ հավաքել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հարևան պետությունների վերաբերյալ»։

ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարից։ Այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։ Ապրիլի կեսերին Կանադան միացավ ՀՀ-ում ԵՄ առաքելությանը։

Բաքուն բազմիցս քննադատել է առաքելությունը՝ նշելով, թե «առաքելությունն ակտիվորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք, իսկ Կանադայի անդամակցումը դե ֆակտո այն դարձնում է ՆԱՏՕ-ի առաքելություն»:

Թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտել են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG