Մատչելիության հղումներ

Մոսկվան և Թեհրանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեցին


Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի նախագահներն այսօր ավելի քան երեք ժամ բանակցություններ են վարել, որոնց արդյունքով երկու երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին համապարփակ համաձայնագիր, որը համագործակցության լայն շրջանակ է ներառում:

Համաձայնագրի ստորագրումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, որ նոր համաձայնագիրը հավակնոտ նպատակներ է դնում երկու երկրների առաջ:

«Այն բեկումնային փաստաթուղթ է: Ռուսաստանն ու իրանը փոխադարձ հաշվարկներում գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներին և աշխատում են վճարային համակարգերի միացման վրա: Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները միջազգային հարցերի մեծ մասում հիմնականում համընկնում են», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը նաև ասել է, որ Իրանի նախագահի հետ քննարկել են իրավիճակն Անդրկովկասում:

Բանակցություններից առաջ կայացած հանդիպմանը ՌԴ նախագահն ասել էր, որ Մասուդ Փեզեշքիանի այցն առանձնահատուկ նշանակություն ունի, իսկ նոր համաձայնագիրը լրացուցիչ հնարավորություն կլինի համագործակցության հետագա զարգացման համար:

«Մենք երկար ժամանակ աշխատել ենք դրա վրա, և ես շատ գոհ եմ, որ այս աշխատանքն ավարտված է։ Սա կարևոր է, քանի որ այն մեզ հնարավորություն կտա լրացուցիչ խթան հաղորդել մեր փոխգործակցության գրեթե բոլոր ոլորտներին», - նշել է ՌԴ նախագահը:

Պուտինի խոսքով՝ երկու երկրների միջև զարգանում են տրանսպորտային հաղորդակցությունները, 2024-ի 10 ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 15.5 տոկոսով, ինչը լավ ցուցանիշ է: Մոսկվան և Թեհրանը նաև շարունակում են խոշոր նախագծերը և կարող են նորերն սկսել էներգետիկ, այդ թվում՝ ատոմային էներգիայի ոլորտում, ասել է նա:

Իրանի նախագահն իր հերթին նշել է, որ Ռուսաստանն Իրանի համար եղբայրական և բարեկամ երկիր է, որի հետ հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն: Փեզեշքիանը համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը կամրապնդի հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության, ապա հավելել, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը շատ է կարևորում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում։

Խոսելով Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին՝ Փեզեշքիանն ասել է, որ արտատարածաշրջանային ուժերի առկայությունն այստեղ կարող է միայն սրել և ապակայունացնել այն:

«Մեր գերագույն առաջնորդը և մենք բոլորս կարծում ենք, որ տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային կողմերի միջև պայմանավորվածությունների միջոցով։ Բնականաբար, Ձեզ հետ մեր շփումը լույս կսփռի մեր տարածաշրջանի բոլոր խնդիրների վրա», - հայտարարել է Իրանի նախագահը:

Համաձայնագիրը փոխարինում է 2001-ին ստորագրված համագործակցության մասին փաստաթղթին, որի ժամկետը երեք անգամ երկարաձգվել է: Նոր փաստաթուղթը կնքվում է 20 տարով և ներառում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները:

Նախօրեին Մոսկվան հայտարարել է, որ մեծ նշանակություն է տալիս փաստաթղթի ստորագրմանը, Թեհրանն իր հերթին պարզաբանել է, որ այն չի նախատեսում պաշտպանական դաշինքի ստեղծում։ Այդուհանդերձ, Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին այսօր պարզաբանել է, որ համաձայնագիրը ներառում է անվտանգության և պաշտպանության ոլորտները:

«Պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր համագործակցության զարգացումը նորություն չէ, և այդ հարաբերությունները գոյություն ունեն տասնամյակներ շարունակ: Վստահաբար կարող եմ ասել, որ այդ հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ, այլ ավելի շուտ համապատասխանում են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը», - ասել է Ջալալին:

Դեսպանն ընդգծել է, որ նոր համաձայնագիրը նաև վերաբերում է երկու երկրների համագործակցության զարգացմանը, որոնք, ինչպես նախկինում, ապագայում ևս կզարգացնեն համագործակցության այս ասպեկտը՝ իրենց անվտանգությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու համար: Համաձայնագիրն ազդակ կլինի շատ երկրների համար նոր աշխարհակարգի ճանապարհին, ասել է նա;

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Իրանը մեծացրել է իր աջակցությունը Ռուսաստանին, ներառյալ ռազմական օգնությունը: Գործընկերության հիմնական պատճառները էներգառեսուրսներից երկու երկրների կախվածությունն է և Արևմուտքին համատեղ հակազդեցությունը։ Սակայն Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում սկսել են բարդություններ ծագել, հատկապես Սիրիայում իշխանափոխությունից հետո. Իրանը Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ ապատեղեկատվություն տարածելու և Իրանին անհարմար վիճակի մեջ դնելու համար:

Իրանը նաև ներքին խնդիրներ ունի, ներառյալ տնտեսական ճգնաժամը, էլեկտրաէներգիայի պակասը և աճող սոցիալական անկայունությունը: Բողոքի ակցիաները և էլեկտրաէներգիայի համատարած անջատումներն է՛լ ավելի են վատթարացնում իրավիճակը՝ փոխելով սոցիալական և քաղաքական տրամադրությունները: Արդյունքում, վերնախավը քննարկում է ԱՄՆ-ի հետ երկխոսությանը վերադառնալու և արտաքին քաղաքականությունը վերանայելու անհրաժեշտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG