Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ Մոսկվան չի պատրաստվում նահանջել Ուկրաինայում իր նպատակներից, սակայն դեռ հետաքրքրված է հակամարտության բանակցային կարգավորմամբ։ Այս մասին հայտնել է Կրեմլի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։
Ըստ նրա՝ զրույցը եղել է լայնածավալ, և Թրամփը բարձրացրել է պատերազմի հնարավորինս շուտ ավարտին հասնելու հարցը։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները, սակայն Մոսկվայի ուշադրությունը կենտրոնացած է այն հարցերի վերացման վրա, որոնք, ըստ նրա, հանդիսանում են հակամարտության «արմատական պատճառները»։
Ուկրաինայում պատերազմը շարունակվում է արդեն չորրորդ տարին։
Մեկ ժամից ավելի տևած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Թրամփը քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, Սիրիայում։
Պուտինն ու Թրամփը տարեսկզբից արդեն 6-րդ հեռախոսազրույցն են անցկացրել։