Մատչելիության հղումներ

Մոսկովյան "Алые Паруса" բնակելի համալիրում պայթյուն է որոտացել. կան զոհեր և տուժածներ


Մոսկովյան "Алые Паруса" կոչվող բնակելի էլիտար համալիրում, որը Կրեմլից 12 կմ է հեռու, առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Արմեն Սարկիսյանը: Նրա թիկնապահներից մեկը մահացել է տեղում, տուժել է ևս երեք մարդ, այդ թվում՝ շենքի դռնապանը:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հեռակառավարվող պայթուցիկ սարքը գործի է դրվել, երբ Սարկիսյանը թիկնապահների հետ մտել է շենք, որում նա բնակարան է վարձում։

Հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրն ասել է, որ նախնական վարկածով՝ պայթյունը պատվիրված է, և թիրախում հենց Սարկիսյանն է եղել:

«Ակնհայտ է, որ պայթյունը նախապես պատրաստվել է, իրավապահ մարմինները ներկայումս ուսումնասիրում են տեսախցիկների արձանագրածը», - ասել է իրավապահ մարմինների անանուն աղբյուրը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով՝ սպանություն և սպանության փորձ երկու կամ ավելի անձանց նկատմամբ և զենքի ապօրինի շրջանառություն: Սակայն եթե պարզվի, որ հանցագործությունն ուկրաինական հետք ունի, ապա գործը կվերաորակվի 205 հոդվածով՝ որպես ահաբեկչական գործողություն:

Քննչական կոմիտեից ասել են. - «Դեպքի վայրում աշխատում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ամենափորձառու քննիչների և դատաբժշկական փորձագետների խումբը: Ներկայում ուսումնասիրվում են տեսախցիկները, հարցաքննվում են վկաները: Նշանակվում են դատաբժշկական փորձաքննություններ՝ հանցագործության կատարմանը մասնակցած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ»։

Երևանում ծնված Արմեն Սարկիսյանը պատանեկության տարիներին է տեղափոխվել Ուկրաինա՝ Դոնեցկից հյուսիս գտնվող Գորլովկա քաղաք: 2014 թվականից Ուկրաինայում Սարկիսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Ուկրաինական կողմի տվյալներով՝ Մայդանի ցույցերի ժամանակ ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյից միջնորդավորված հրահանգներ ստանալով, հենց Սարկիսյանն է ղեկավարել առնվազն 300 մարդուց բաղկացած խմբավորման գործողությունները, որի անդամները հարձակվել են ցուցարարների վրա:

Ուկրաինան Սարկիսյանին նաև հեռակա կարգով մեղադրանք է առաջադրել սպանություն կազմակերպելու, պայթյուններ կազմակերպելու համար: Ուկրաինայի գաղտնի ծառայությունը դեռ այն ժամանակ հայտարարել էր, որ Սարկիսյանը նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մերձավոր շրջապատից է։

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո Արմեն Սարկիսյանը հիմնադրել է «Հայկական գումարտակը» կամ «ԱրԲատ»-ը, որը 2022 թվականին կռվել է ուկրաինական զինուժի դեմ: Գումարտակում ընդգրկված են «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության վետերաններ և այլ փորձառու մարտիկներ, որոնք մասնագիտացած են հարձակողական գործողություններում: Գումարտակում հավաքագրել են նաև դատապարտյալներ Դոնեցկի շրջանի օկուպացված մասի բանտերից: 2018-ի ապրիլին Արմեն Սարկիսյանը Ֆրանսիայում ձերբակալվել էր, և հաղորդվում էր, որ նյութեր են նախապատրաստվում նրան Ուկրաինային արտահանձնելու համար։ Երկու օր անց, սակայն, հայտնի դարձավ, որ Սարկիսյանն ազատ է արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG