Մատչելիության հղումներ

Գալուզին. Երեք փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովն ամռանը «հավասարակշռված փոխհամաձայնության էր եկել»


ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Մոսկվան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև անցած շաբաթ Ղազախստանում տեղի ունեցած հանդիպումը։ Այդ բանակցությունները համահունչ են ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններին, ասել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցում։

«Կարևոր է, որ բանակցություններն ընթանում են բարձրագույն մակարդակում 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հունով, որը որոշել է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը», - ասել է նա։

Լրագրողը փաստել է՝ ըստ Ադրբեջանի նախագահի՝ Երևանն ու Բաքուն այժմ մոտ են խաղաղությանն ավելի քան երբևէ, բայց դրան խոչընդտում են տարաձայնությունները «Զանգեզուրի միջանցքի» շուրջ։ Արձագանքելով հարցին՝ «հնարավո՞ր է՝ առաջիկայում դիվանագիտական բեկում լինի այս ուղղությամբ», Գալուզինը հարկ է համարել ընդգծել, թե Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չի օգտագործում։

«Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե ինչ-որ կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասում տնտեսական ու հաղորդակցության բոլոր ուղիների բացման օգտին, հենց դրանով էր զբաղվում 2021-ին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը», - ասել է նա։

Գալուզինը պնդել է, թե երեք երկրների փոխվարչապետերի գլխավորած այդ հանձնաժողովը անցած տարվա ամռանը «հավասարակշռված փոխհամաձայնության է եկել» Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ, բայց Երևանը, ըստ Ռուսաստանի փոխարտգործնախարարի, Արևմուտքի ճնշման տակ որոշել է սառեցնել այդ փոխգործակցությունը։ Թե կոնկրետ ինչի շուրջ է եղել այդ համաձայնությունը, Գալուզինը չի մանրամասնել, նշել է միայն, թե տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար, ըստ Մոսկվայի, եռակողմ հահնձնաժողովը պետք է շուտափույթ վերսկսի աշխատանքները։

Հայաստանի արտգործնախարարությունը Մոսկվայի այդ հայտարարությանը դեռ չի արձագանքել։

Հարցրեք Երևանին. Զախարովա

Մինչ այդ այսօր պաշտոնական Երևանից ակնհայտ դժգոհությունն է ի ցույց դրել նաև Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, երբ հարց է հնչել՝ Մոսկվայում հայ-ռուսական հարաբերությունների ինչ հեռանկարներ են տեսնում։

«Ռուսաստանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ պատմականորեն հաստատված դաշնակցային հարաբերություններին։ Բայց, սա երկկողմանի փողոց է։ Մեր կողմից զիգզագներ չկային։ Հարցրեք պաշտոնական Երևանին»,- պատասխանել է Մարիա Զախարովան։

Մյուս կողմից՝ Երևանից, վերջին տարիներին, միևնույն հարցն է հնչում՝ ի՞նչ է արել Ռուսաստանը Հայաստանի հանդեպ ադրբեջանական ագրեսիաների ու Ղարաբաղի վրա հարձակման ժամանակ։ Ռուս զինվորները, որ Արցախ էին մտել 44-օրյա պատերազմից հետո՝ խաղաղություն պահպանելու համար, անցած տարի սեպտեմբերին Ղարաբաղի դեմ արյունալի հարձակումը չկանխեցին, համաձայնեցված ժամկետից մեկուկես տարի առաջ էլ Արցախից դուրս եկան։

Հանդիսավոր հրաժեշտ ռուս խաղաղապահներին Խոջալուում

Հենց այսօր Խոջալուում ադրբեջանցիները նրանց հրաժեշտ են տվել հանդիսավոր արարողությամբ, ռուսական կողմն էլ «Մարտական արիության» շքանշանով է պարգևատրել խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին, ով Արցախում էր, երբ Բաքուն լայնածավալ հարձակման անցավ՝ հայաթափելով Ղարաբաղը։

Ի դեպ, այսօր ռուսական կողմը խոսել է նաև անցած շաբաթ Մոսկվայում նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպումից, որի ընթացքում կողմերը պայմանավորվել էին ռուս սահմանապահներին դուրս բերել 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի մի շարք մարզերում՝ Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված հենակետերից։ Զախարովան այսօր հերքել է պնդումը, թե Մոսկվան, իբր, առաջարկել է ամբողջությամբ դուրս հանել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից։

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայտարարվեց, որ ռուսները կշարունակեն մնալ հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG