Մատչելիության հղումներ

Մոլդովայի նախագահի եվրոպամետ կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում


Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հրավիրած ասուլիսում, Քիշնև, 29-ը սեպտեմբերի, 2025թ.
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հրավիրած ասուլիսում, Քիշնև, 29-ը սեպտեմբերի, 2025թ.

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը հաղթել է երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում՝ ռուսամետ «Հայրենասիրական դաշինքից» երկու անգամ շատ ձայն հավաքելով։

Սանդուն այս ընտրությունները Մոլդովայի եվրաինտեգրման ճանապարհին վճռորոշ իրադարձություն էր որակում՝ հայտարարելով Ռուսաստանից զանգվածային միջամտությունների մասին։ Մոլդովայի ընդդիմությունը մեղադրանքներն անհիմն է որակում, Կրեմլն էլ այս ամբողջ ընթացքում կոշտ էր արձագանքում՝ «հակառուսական հիստերիա», որի նպատակը վերընտրվելն է, չնայած երկրի վատթարացող տնտեսական վիճակին:

«Այս ընտրություններից շատ բան է կախված մեր երկրի համար։ Մոլդովան ժողովրդավարությունն ամրապնդելու, իր տարածքը պաշտպանելու ու եվրաինտեգրման ճանապարհը շարունակելու հնարավորություն կունենա», - վստահեցրել է Մայա Սանդուն:

Ընտրություններին 1․6 միլիոն մարդ է մասնակցել, Սանդուի կուսակցությունը 50 տոկոս ձայն է հավաքել և խորհրդարանում դարձյալ մեծամասնություն կկազմի։ Գլխավոր մրցակից «Հայրենասիրական դաշինքը» 25 տոկոսի շեմը չի անցել։ Թեժ մրցապայքարից բացի, այս ընտրություններն առանձնացան մասնակցության ավելի բարձր ցուցանիշով՝ ընտրատեղամասեր են գնացել քաղաքացիների ավելի քան 52 տոկոսը:

Ընտրություններն առանց միջադեպերի չեն անցել, Մոլդովայում և այլ երկրներում բացված ընտրատեղամասերում ռումբերի տեղադրման ահազանգեր են եղել։ Երեք անձ ձերբակալվել է, այս միջադեպերի համար իշխող կուսակցությունից սլաքները դարձյալ Մոսկվայի կողմն են թեքում։

Ընդդիմությունն էլ պնդում է, թե իշխանությունները խոչընդոտել են ընտրողների քվեարկությունը անջատողական Մերձդնեստրում, որտեղ մեծամասնությունը ռուսամետ հայացքներ ունի: «Հայրենասիրական դաշինքի» առաջնորդ Իգոր Դոդոնը ձայների հաշվարկն էլ չսկսված ընդդիմության հաղթանակի մասին էր հայտարարում:

Իսկ արդեն հաշվարկից հետո ընդդիմությունից հայտարարում են՝ չեն ընդունում արդյունքները։ Նախկին նախագահ Դոդոնը պնդում է՝ հենց երկրի ներսում ընդդիմությունն ավելի շատ ձայն է հավաքել, Սանդուի կուսակցությունը մեծամասնություն է ապահովել միայն սփյուռքի հաշվին։ Մոլդովայում ընտրելու հնարավորություն ունեին նաև այլ երկրում բնակվող քաղաքացիները։

Ընդդիմության աջակիցներն այսօր խորհրդարանի դիմաց բողոքի ցույց են իրականացնում։

Մինչ ընդդիմությունը բողոքում է, եվրոպական առաջնորդները եվրաինտեգրման ճանապարհին Մոլդովային աջակցելու մասին են հայտարարում։ Եվրոպա։ «Ժողովրդավարություն։ Ազատություն», - գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG