Մատչելիության հղումներ

Մոլդովայի չորս ռուսամետ կուսակցություն միավորվել է ընդդեմ իշխանության՝ կայանալիք ընտրություններում


Լուսանկարում՝ Մոլդովայի խորհրդարանի շենքը
Լուսանկարում՝ Մոլդովայի խորհրդարանի շենքը

Մոլդովայի չորս ռուսամետ կուսակցություններ միավորվում են մեկ տանիքի տակ՝ միասին ձեռնոց նետելու գործող իշխանություններին սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։
Նպատակը նախագահ Մայա Սանդուի գլխավորած եվրոպամետ կառավարությանը տապալելն է։

Reuters-ը նշում է, որ սեպտեմբերի 28-ին նախատեսված քվեարկության արդյունքում ուժերի ներկայիս դասավորվածությամբ իշխող ուժն, ըստ ամենայնի, չի կարողանա մեծամասնություն ապահովել երկրում, որը փորձում է Եվրամիության անդամ դառնալ։
Եվրոպական հեռանկարը չմերժող, բայց ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ մերձեցման օգտին հանդես եկող քաղաքական ուժերի նոր դաշինքը միավորում է նախկիններին՝ նախկին նախագահ Իգոր Դոդոնի գլխավորած Սոցիալիստների կուսակցությունը, Կոմունիստներին, ինչպես նաև «Մոլդովայի սիրտ» և «Մոլդովայի ապագա» կուսակցություններին։

«Արտաքին քաղաքականությունում մենք կողմ ենք բոլոր երկրների հետ հավասարակշռված գործընկերությանը և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վերականգնմանը։ Գործող կառավարության ողջ արտաքին քաղաքականությունը և ուղենիշները պետք է վերանայվեն և համապատասխանեն Մոլդովայի ազգային շահերին», -այսօր ներկայացնելով նոր քաղաքական դաշինքը՝ հայտարարել է նախկին նախագահ Դոդոնը։

Եվս չորս տարի, և Մոլդովա այլևս չի լինի, դաշինքին միացած «Մոլդովայի ապագա» ընդդիմադիր ուժի առաջնորդ Վասիլե Տարլևն է կարծում. «Այս և այլ պատճառներն են մեզ բերել բանակցությունների սեղանի շուրջ։ Հանուն մեր երկրի փրկության բաց ենք մոբիլիզիացիայի, կոնսոլիդացիայի համար»:

Մոլդովայի նախկին նախագահ, կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Վորոնինը չթաքցրեց՝ բարդ էր մի կողմ դնել սկզբունքային տարաձայնությունները և միավորվել երբեմնի քաղաքական մրցակիցների հետ. «Բայց առաջնահերթությունը պետք է լինի Մոլդովայի Հանրապետության ազգային շահը, երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը»։

Դեռ անուն չունեցող և որպես հայրենասերներ հանդես եկող դաշինքը, որը դիրքավորվել է որպես ձախակենտրոն ուժ, առաջիկայում կփորձի գրանցվել երկրի ընտրական հանձնաժողովում։ Մինչ այդ Մոլդովայի ԿԸՀ-ն մերժել էր գրանցել առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մեկ այլ ռուսամետ ուժի՝ «Հաղթանակ» դաշինքին։ Իշխանությունները պնդել են, որ ռուսաստանաբնակ օլիգարխ Իլան Շորի աջակցությունը վայելող քաղաքական ուժը օրենքի, ֆինանսավորման թափանցիկության հետ կապված լրջագույն խախտումներ ունի։

Մոլդովայի ընդդիմության, մասնավորապես ռուսամետ ուժերի պայքարի արդյունքում անցյալ տարի նախագահ Սանդուն մեծ դժվարությամբ վերընտրվեց, միայն երկրորդ փուլում, այն էլ՝ ձայների չնչին առավելությամբ:

Նրա նախաձեռնած հանրաքվեն էլ , որը պահանջում էր մոլդովացիներին աջակցել ԵՄ անդամակցության ձգտմանը, հավաքեց ընդամենը քվեների 50 տոկոսը։ Այս արդյունքները Մոլդովայի իշխանությունը պայմանավորեց Մոսկվայի միջամտությամբ, Ռուսաստանի կառավարությանը մեղադրելով ընտրական գործընթացին խառնվելու համար՝ պնդելով, որ Մոսկվան հարյուր հազարավոր դոլարներ է ծախսել եվրոպամետ կառավարության դեմ առցանց քարոզչության, կուսակցություններին ու ընտրողներին անօրինական դրամական փոխանցումների համար։


Անցած տարի դժվարությամբ տրված հաղթանակից հետո Սանդուի գլխավորած կառավարությունը, որ խոստանում է երկիրը դարձնել Եվրոպական միության անդամ և արդեն թեկնածուի կարգավիճակ ունի, է՛լ ավելի կոշտացրեց դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ՝ հրաժարվելով ռուսական «Գազպրոմ»-ի պահանջած 700 միլիոն դոլարի պարտքը վճարել՝ հերքելով առհասարակ նման պարտքի գոյությունը։

Ի պատասխան՝ ռուսական կողմը դադարեցրեց բնական գազի մատակարարումը, ինչը էներգետիկ ճգնաժամի հանգեցրեց երկրում, որը շարունակվում է առայսօր։ Լարվածության ֆոնին Մոլդովայի իշխանություններն արգելեցին երկրում գործող մի շարք ռուսաստանյան կազմակերպությունների գործունեություն, այդ թվում՝ «Ռուսաստանի տուն» մշակութային կրթական կենտրոնի, արտաքսելով երկրից տասնյակ ռուս դիվանագետների՝ վերջիններիս մեղադրելով լրտեսական գործունեության մեջ:


Անցած օրերին էլ Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչեանը Financial Times-ի հետ զրույցում պնդել է, թե Ռուսաստանը վերստին փորձում է միջամտել սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ոչ միայն տապալելու Մոլդովայի եվրոպական հեռանկարը, այլև իշխանության բերելու այնպիսի ուժերի, որոնք թույլ կտան 10 հազարանոց զորք տեղակայել անջատողական Մերձդնեստրում՝ Ուկրաինայի սահմանին։ Պաշտոնական Մոսկվան չի արձագանքել այս պնդումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG