Արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկների համար ավելի քան 1 միլիարդ դրամով 48 մեքենա է գնում՝ կալանավորների ու դատապարտյալների տեղափոխումն ապահովելու համար։ Պետական մրցույթի հաղթող միակ մասնակիցը՝ «Մեգնա» ընկերությունը, մեքենաներից 12-ը ներկրելու է այս տարի, մնացած 36-ը՝ հաջորդ։
Արդարադատության նախարարությունը նման մեծ ծավալի գնումը հիմնավորում է քրեակատարողական հիմնարկներից դատապարտյալների, կալանավորների տեղափոխումների աճով։ Ըստ պաշտոնական տվյալների՝ տարեցտարի ուղեկցումների թիվը 20 տոկոսով կայուն աճում է. 2023-ին դրանց թիվը կազմել է ավելի քան 23 հազար, 2024-ին՝ ավելի քան 28 հազար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում գերազանցել 15 հազարը։
Քրեակատարողական ծառայությանը անհրաժեշտ են առնվազն 60 հատուկ նշանակության ավտոմեքենաներ ազատությունից զրկված 4-5 անձանց տեղափոխություններ իրականացնելու համար՝ 1-3 տեղանոց, 2-3 խցիկներով, ուղեկցումները պատշաճ կատարելու համար: Ներկայումս ուղեկցման նպատակով Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում առկա է 12 հատուկ նշանակության ավտոմեքենա, անհրաժեշտ է ևս 48 ավտոմեքենա, հայտնում են նախարարությունից։
Գերատեսչությունից շեշտում են նաև, որ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, որոնք օգտագործվում էին ուղեկցումների համար, չեն համապատասխանում ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար նախատեսված անհրաժեշտ չափանիշներին։
Ներկրվող մեքենաները Ford Transit կամ դրան համարժեք արտասահմանյան այլ մակնիշի պետք է լինեն։ Մեքենաները ներկրող «Մեգնա»-ի սեփականատերն, ի դեպ, ՀՅԴ խմբակցությունից ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Շախմուրադյանի ընտանիքին է։
Արդարադատության նախարարությունը Կառավարության հավանությանն արժանացած փաստաթղթում չի ներկայացրել, թե ինչն է կալանավորների, դատապարտյալների ուղեկցումների թվի ավելացման պատճառը։
Բանտերը դիտարկող հասարակական խմբի ղեկավար Զարուհի Հովհաննիսյանը, մինչդեռ, նկատում է՝ ավելի քան 1 միլիարդ դրամով 48 մեքենա գնելու անհրաժեշտությունը կալանավորների թվի ավելացման հետևանք է։
«Այն, որ մաշվածություն կա, իհարկե, հստակորեն: Այն, որ արժանապատվության խնդիր կա անձանց, որոնք գտնվում են անազատության մեջ, և նրանց տեղափոխումը պետք է կատարվի պատշաճ կերպով, դա՝ հստակորեն: Բայց այստեղ առաջին հերթին քանակի հարցն է, թե որքան ենք մենք տրամադրում, և հենց այդ 20 տոկոսը, որը նշել են իրենք որպես հիմնավորում նաև, ավելանում է ուղեկցումների թիվը, դրանք հիմնականում կալանավորված անձանց հետ կապված գործողություններին են վերաբերում, որովհետև հենց դատական նիստերը, դուք գիտեք, կալանքի հետ կապված շատ ավելի հաճախ են, քան մնացած այլ կոնկրետ նիստերի հետ կապված հարցերը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը:
Իրավապաշտպանները պարբերաբար են ահազանգում՝ չնայած խափանման այլընտրանքային միջոցներին, օրինակ՝ վարչական հսկողությանը, տնային կալանքին ու գրավին, հայաստանյան բանտերում կալանավորների թիվը տարեցտարի ավելանում է:
«Շարունակում է կալանքը մասսայականորեն կիրառվել, հիմնականում դատարանները որոշում են կայացնում երկու ամսով կանալք, ապա նաև երկարացվում է այդ ժամկետը», - ընդգծեց Բանտերը դիտարկող հասարակական խմբի ղեկավար:
Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձինք ավելի շատ են, քան դատապարտյալները. բանտերում պահվող ավելի քան 2800 անձանց կեսից ավելին՝ ավելի քան 1400-ը, կալանավորվածներն են։ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում Հայաստանը բանտերում պահվող ու իրենց դատավճռին սպասող կալանավորների թվով երկրորդ տեղում է՝ Ալբանիայից հետո:
«Անձը, որը գտնվում է պետության վերահսկողության ներքո, դա միայն այս ծախսը չի՝ տեղափոխման, դատական նիստերին մասնակցությունն ապահովելու, այլ նաև դրան գումարվում են առողջապահական ծախսերը, որոնք հստակորեն ավելանում են, որովհետև կալանավորված անձինք ևս առողջական խնդիրներ ունեն, և դա ծանրանում է, փաստորեն, նույն քրեակատարողական համակարգի վրա, այդ թվում՝ բժշկական համակարգի վրա, որը այժմ ոչ թե քրեակատարողականի ներքո է, այլ գտնվում է առողջապահության համակարգի բալանսի վրա, բայց, այնուամենայնիվ, պետությունը պետք է ապահովի դա: Եվ որպես այդպիսին՝ մենք ունենում ենք թե՛ մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, ինչը վերաբերում է կոնկրետ կալանավորված անձանց իրավունքների խախտման, ինչպես նաև մենք ունենում ենք դատապարտյալ անձանց ռեսուրսների հետ կապված՝ որպես այդպիսին, նվազում», - ասաց Հովհաննիսյանը:
Իրավապաշտպանը մտահոգիչ է համարում վերջին տարիներին կալանավորումների վիճակագրության աճը, շեշտում՝ սա նշանակում է պետության համար հավելյալ ծախս՝ հարկատուների գրպանից։