Մատչելիության հղումներ

«Միշտ գնում եմ Երևան». Եղեգնաձորի բժշկական կենտրոնում բուժանձնակազմի լուրջ խնդիր կա


Վայոց Ձորի մարզկենտրոնից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մալիշկայի բնակիչ Սիրվարդ Սեդրակյանը մոտ 10 տարի առաջ է ոտք դրել Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Այնտեղից նրան ուղեգրել են մայրաքաղաք՝ բուժզննման անհրաժեշտ պայմաններ չունենալու պատճառով։ Այսօր էլ 75-ամյա կնոջն ավելի հարմար է 3 ժամվա ճանապարհ կտրել ու հասնել Երևան, քան գյուղին կպած ու նոր վերակառուցած Վայոց ձորի բժշկական կենտրոն գնալ։

«Սկզբից գնացի Եղեգնաձոր, էդ հնարավորությունները չկար, ուղարկեցին Երևան։ Սենց էլ միշտ գնում եմ Երևան, կա՛մ իմ բուժումներն եմ ստանում, կա՛մ պառկում եմ», - նշեց Սեդրակյանը։

Նոր սարքավորումներով վերազինված Վայոց ձորի բժշկական կենտրոնը մարտին է վերաբացվել, այստեղ, սակայն, բուժանձնակազմի լուրջ խնդիր կա։ Օրինակ՝ ինֆեկցիոն բաժանմունքում մանկական և մեծահասակների բժիշկ-վարակագետների հաստիքները գրեթե հինգ ամիս է թափուր են։

Բուժկենտրոնի տնօրեն Խորեն Նազարյանը չտեսանկարահանվելու պայմանով պատմեց՝ երկար ժամանակ փնտրել են, հայտարարություններ տարածել Առողջապահության նախարարության կայքէջում, սակայն այդպես էլ չեն կարողացել մասնագետների գտնել։

Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այստեղ նաև Երևանից են բժիշկներ գալիս, սակայն վարակաբանների դեպքում բացը հնարավոր չէ լրացնել։

«Այն մասնագիտությունները, որոնք մարզում չկան, նրանց հետ մենք ունենք քաղիրավականով պայմանագրեր, որոնք շաբաթը մեկ-երկու անգամ այցելում են, բայց ինֆեկցիոն ծառայությունը այն ծառայությունն է, որը հնարավոր չէ քաղիրավականով մատուցել, որովհետև դա հիմնականում ստացիոնար բուժումն է», - ասաց Նազարյանը։

Կառավարությունը 2.6 միլիարդ դրամ է ծախսել հինգ մասնաշենքից բաղկացած հիվանդանոցի վերազինման համար։ Մարտին դրա բացմանը վարչապետը շնորհակալություն հայտնեց հարկատուներին, որոնց շնորհիվ ու որոնց համար կառուցվել է բժշկական կենտրոնը։

«Առողջապահության նախարարության տարբեր պաշտոնյաներ հետազոտել և տեսել են, որ այդ առողջապահական կենտրոններում շենքային պայմանները պատշաճ չեն, մասնագիտական բազան պատշաճ չէ։ Ընդհանրապես բժշկական կենտրոնների մասին խոսելիս մտածում ենք այն մասին, որ դրանք գրավիչ լինեն բուժառուների համար, բայց որպեսզի դրանք գրավիչ լինեն բուժառուների համար՝ նախ պետք է գրավիչ լինեն բուժաշխատողների համար», - հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետն ասում էր՝ գրավիչ պայմանները կխթանեն բժիշկների հոսքը դեպի մարզեր։ Բայց Եղեգնաձորի նոր հիվանդանոցը կարծես դեռ այնքան էլ չի գրավում բժիշկներին։ Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի մասնագետի խոսքով՝ Եղեգնաձորում ոչ միայն վարակաբանների, այլ նաև մանկաբույժի, նեոնատոլոգի, ուռուցքաբանի և շտապօգնության բժշկի կարիք ունեն։

«Իհարկե, հիմա տարբեր տեղերից գալիս են պայմանագրով, բայց մենք ուզում ենք, որ տեղում ունենանք մեր մանկաբույժը և նեոնատոլոգը՝ ծննդատան աշխատող մանկաբույժը, որը չունենք։ Ոչ լիցենզավորված ուղղակի համատեղում են մարդիկ», - ասաց Լիլյա Կարապետյանը։

Կարապետյանը կարծում է՝ մայրաքաղաքից մոտ 130 կմ հեռու գտնվող այս տարածքն ավելի գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է գոնե բուժանձնակազմին սոցիալական հուսալի երաշխիքներ տրամադրել։

Հեղինակ՝ Սոնա Հովսեփյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG