Միսաք Մանուշյանին նվիրված մեկ շաբաթ Հայաստանում. մեկնարկը տրվում է Արտաշատի դրամատիկական թատրոնում՝ «Մանուշյան» ներկայացումով:
«Դեռ վաղուց էինք մտմտում Միսաք Մանուշյանին նվիրված ներկայացում անելու շուրջ ... և երկար փնտրեցինք պիես, որը կներկայացնի Մանուշյանին ամբողջական՝ իբրև մարտիկ, իբրև որոշակի գաղափարախոսության և հանձնառության կրող, իբրև պոետ՝ շատ բազմաշերտ կերպար է նա, և չգտանք այդ պիեսը». - Միսաք Մանուշյանի և ֆրանսիական Դիմադրության շարժման նրա զինակիցների մասին պատմությունը սկսեց փորել Սաթէ Խաչատրյանը, որի հիմնած «Սաթէ-Աթղը» թատերական միությունն արդեն 12 տարի զբաղվում է Ֆրանսիայում հայկական մշակույթի հանրահռչակմամբ։ Փարաջանովին ու Քոչարին մոդեռն պարով ներկայացնելուց հետո Մանուշյանի մասին պետք էր խոսել բառերով:
«Որոշեցինք ստեղծել մերը և գտանք մի դրամատուրգ՝ Շոշանա Բուխոբզային, ով վավերագրող է, կինովավերագրող է, նաև Երկրորդ աշխարհամարտին նվիրված բազմաթիվ վեպեր ունի, մասնավորապես՝ կանանց մասին համակենտրոնացման ճամբարներում, մի խոսքով՝ մեկին, ով նյութին հրաշալիորեն տիրապետում է, և խնդրեցինք իրեն հստակ ցուցումներով գրել պիես: Ու որոշեցինք, որ ամենաճիշտ և հետաքրքիր, կոմպակտ ձևաչափը հարցաքննություններն են», - շարունակեց Խաչատրյանը:
Ութ ամիս շարունակ Փարիզի ոստիկանության և Ֆրանսիայի ազգային արխիվներն են փորփրել, հարյուրավոր ցուցմունքներ և արձանագրություններ ուսումնասիրել: Պիեսի պրեմիերան ամիսներ առաջ Ֆրանսիայում է տեղի ունեցել, հիմա արդեն Արտաշատի բեմում կներկայացվի հայաստանցի հանդիսատեսին։
«Դիմադրությունը ըստ իս միայն զինված չի լինում, դիմադրության լավագույն և առաջնային դրսևորումը կրթությունն է, և քանի որ պատմությունը կրկնվելու հակում ունի, կարծում եմ՝ կրթության միջոցով է, որ մենք կարող ենք հասնել այն մակարդակին, որ թույլ չտանք պատմության մեջ եղած աղետները կրկնվեն: Եվ դրա համար, սերունդներին կրթելու համար շատ հերոսներ կան, շատ կերպարներ կան, որոնց մասին պիտի ավելի ու ավելի իմանանք», - ասաց Սաթէ Խաչատրյանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Մանուշյանը եղել է եվրոպական ներգաղթյալներից կազմված խմբավորման ղեկավարը, որն իրականացրել է դիվերսիաներ ընդդեմ նացիստների։ Մանուշյանն ու նրա ընկերներից շատերը ձերբակալվել են և 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել։ Ֆրանսիայի Ազգային հերոսի և նրա կնոջ՝ Մելինեի աճյուններն անցած տարի ամփոփվեցին Փարիզի Պանթեոնում։ Վերահուղարկավորության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց. - «Այսօր կա Ֆրանսիա, որ երախտապարտ է ձեզ»։
Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Ֆրանսիայի դեսպանատան, Եվրամիության ներկայացուցչության համատեղ կազմակերպած Մանուշյանական շաբաթը կսկսվի մարտի 14-ին։ Հինգ օրվա ընթացքում ներկայացումից բացի գիտաժողովներ ու քննարկումներ կկազմակերպվեն, ֆիլմեր կցուցադրվեն, պոետ Մանուշյանի հետ ծանոթության առիթ էլ կլինի։
«Սա դարձավ իսկապես մի ամփոփ նախագիծ, որտեղ Մանուշյանին մենք ներկայացնում ենք նաև գիտական տեսանկյունից, պատմական տեսանկյունից, գեղարվեստական, կրթական... », - նշեց Սաթէ Խաչատրյանը:
Երևանում նաև կտեղադրվի Միսաք Մանուշյանի քանդակը: Բայց սա արդեն այս շաբաթվա իրադարձություն չէ։ Երևանի քաղաքապետարանն այսօր միայն հայտնեց, որ կիսանդրու համար հայտարարված մրցույթում Սարգիս Բաբայանի հեղինակած ստեղծագործությունն է հաղթել։ Թե երբ կտեղադրվի Ֆրանսիայի Ազգային հերոսի արձանը Միսաք Մանուշյանի անվան պուրակում, հայտնի չէ։