Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 9-10-ն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում (Ֆրանսիա)։
ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։
ԱԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը համատեղ կազմակերպել են Հայաստանն ու Ֆրանսիան՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալ երկրներ։
Նախորդ նոյեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանը 2026թ. հյուրընկալելու է COP17-ը:
Ադրբեջանը ևս դիմել էր՝ համաժողովը հյուրընկալելու։
- ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան բնապահպանական երեք գլոբալ կոնվենցիաներից մեկն է, կարգավորում է միջազգային հանրության ջանքերը շրջակա միջավայրի կենսունակության, կենսաբանական բազմազանության պահպանման, վերականգման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում։
- Համաժողովները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ։