Մատչելիության հղումներ

Միրզոյանի հայտարարությունները լեգիտիմացնում են Բաքվի գործողությունները. քաղաքագետ


Քաղաքագետ Տիգրան Գրիգորյան, արխիվ
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյան, արխիվ

Սոֆիայի տապալված հանդիպման պատասխանատվությունը ղարաբաղյան կողմի վրա դնելով՝ Հայաստանի կառավարությունը լեգիտիմացնում է Արցախում էթնիկ զտումը, «Ազատության» հետ զրույցում պնդեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել էր, թե ամեն ինչ արել են արցախցիների իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու համար, սակայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունը հրաժարվել է Ադրբեջանի հետ բանակցություններից, 2023-ի հունիսին Սոֆիայում նախատեսված հանդիպումից:

«Եթե պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Ստեփանակերտն է հրաժարվել այդ բանակցություններից, ստացվում է՝ նա հայտարարում է նաև, որ Ադրբեջանն այլ ելք չուներ, քան ռազմական ճանապարհով այդ հարցը լուծել: Մեծ հաշվով սա Ադրբեջանի գործողությունների լեգիտիմիզացիա է», - նշեց Տիգրան Գրիգորյանը:

Սոֆիայի հանդիպումը նախատեսված էր 2023-ի հունիսին՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից 3 ամիս առաջ, նախաձեռնել էր ամերիկյան կողմը: Ռուսաստանի բացասական արձագանքից հետո այն տապալվեց, բայց հանդիպման հնարավորությունը չբացառվեց, դրանից հետո էլ շարունակվեցին բանակցությունները, և հաջորդը պետք է լիներ Բրատիսլավայում, դա էլ ադրբեջանական կողմը տապալեց, Արարատ Միրզոյանին հակադարձում է արցախցի քաղաքագետը:



«Ադրբեջանը վերցրեց ղարաբաղյան կողմի համաձայնությունն ու ամերիկյան առաջարկը, գնաց ռուսական կողմի մոտ և մեծ հաշվով վաճառեց այդ առաջարկը ռուսական կողմին, երբ ռուսները համաձայնեցին, որ հանդիպում պետք է ունենա Եվլախում: Դրանից հետո մեծ հաշվով այդ հանդիպման հնարավորությունը կորսվեց», - ասաց քաղաքագետը՝ հավելելով՝ Միրզոյանը, որ պետք է դիվանագիտական արտաքին ճակատում լիներ, «իջել է ներքաղաքական քննարկումների մակարդակ» ու, որ կրկնում է այն, ինչ իշխանական ու իշխանամերձ գործիչները շահարկում են ներքաղաքական նպատակներով:

Արտգործնախարարը երեկ նաև ասել էր, որ արցախցիների հարցը բանակցային օրակարգում չի կարող լինել, քանի որ Ղարաբաղում այլևս հայություն չկա:

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավարին զարմացնում է նաև իշխանականների այն ձևակերպումը, թե Արցախը լուծարվել է վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով. «Սա ևս ցածրագույն մակարդակի մանիպուլյացիա է»:

Ստեփանակերտի մատույցներ հասած ադրբեջանցիները կնահանջեի՞ն, եթե Սամվել Շահրամանյանն ուժի սպառնալիքով այդ հրամանագիրը չստորագրեր, Միրզոյանն ու Փաշինյանը Արցախ վերադառնալու իրավունքի հարցը կպնդե՞ին, եթե էթնիկ զտումն ու հայաթափումը լիներ առանց այդ հրամանագրի, հարցնում է Գրիգորյանը:

«Արցախյան հարցը միանշանակ փակված չէ»

Վարչապետ Փաշինյանի հայտարարությունն էլ, թե Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, զայրացրել է Արցախի պահպանության կոմիտեին: Հայտարարել են, որ սա պետության ու ժողովրդի շահերի դեմ ուղղված քաղաքականության հերթական դրսևորումն է, նշել են՝ Ղարաբաղյան շարժումը կարճաժամկետ քաղաքական ակցիա չէ, այլ ազգային դիմադրության ու ինքնորոշման իրավունքի իրացում:

«Արցախյան հարցը միանշանակ փակված չէ, և հակառակը՝ ես կպնդեի, որ նոր էջ է բացում», - ասաց կոմիտեի անդամ Սայիդա Պողոսյանը, որը ևս Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք իրատեսական չի համարում, որ Արցախի հետ կապված որևէ հարց օրակարգային դառնա, առաջ մղվի: Բայց դա չի նշանակում, որ Փաշինյանի պես իրենք էլ Արցախի էջը փակել են:

«Ամեն ինչ անելու ենք, որ բռնի տեղահանված մարդկանց իրավունքների հարցը հասնի միջազգային ատյաններ, քաղաքական կարևոր հարթակներ», - շեշտեց Սայիդա Պողոսյանը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG