Ի՞նչ փուլում են TRIPP ծրագրի իրագործման աշխատանքները, և առաջիկայում սպասվո՞ւմ են արդյոք նորություններ: Հայաստանի արտգործնախարարը ֆինլանդացի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին առանց փակագծեր բացելու այսօր դարձյալ շեշտեց՝ 42 կիլոմետրանոց ճանապարհի վերաբերյալ տեխնիկական լուծումները ամերիկյան կողմի հետ դեռ պետք է հստակեցվեն: Արարատ Միրզոյանի խոսքով՝ օգոստոսի 8-ից հետո Երևանն ու Վաշինգտոնը այդ ուղղությամբ աշխատում են:
«Եվ դա էլ մեր հենց ամենօրյա՝ բառի բուն իմաստով, աշխատանքն է: Երբ որ մենք կունենանք վերջնական ամբողջական պատկերացում, նաև կհանրայնացնենք էդ պայմանները: Կլինի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որը կստանձնի պատասխանատվությունը էդտեղ կառուցապատման և հետագա շահագործման ուղղությամբ, վերջը, բոլոր մանրամասները, որոնք դեռ պիտի հստակեցվեն, կհստակեցվեն և կհանրայնացվեն», - հայտարարեց Միրզոյանը:
Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հռչակագրի ստորագրումից անցել է ավելի քան երկու ամիս, բայց «Թրամփի ուղի» անվանումը ստացած ճանապարհահատվածի շահագործման մասին բազմաթիվ հարցեր մնում են բաց են: Թե ամերիկյան կողմի հետ քննարկումները կոնկրետ ինչ հարցերի շուրջ են, նախարար Միրզոյանն այսօր փակագծեր չբացեց, բայց հատուկ շեշտեց՝ մինչ այս պահը համաձայնեցված է միայն այն, ինչ գրված է վաշինգտոնյան հռչակագրում. - «Մնացածը մենք և Միացյալ Նահանգները միասին դեռ կաշխատենք, կհստակեցնենք, բոլոր կողմերի հետ կհամաձայնեցնենք»:
Վարչապետ Փաշինյանի, նախագահներ Թրամփի և Ալիևի համաձայնեցրած փաստաթղթում կողմերը կարևորել են ճանապարհների բացումը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա: Ընդունված հռչակագրով՝ Բաքուն Հայաստանի տարածքով անխոչընդոտ անցում կստանա դեպի իր էքսկլավ Նախիջևան, Հայաստանը՝ փոխադարձ առավելություններով հաղորդակցություն:
Հայաստանյան ընդդիմությունը համարում է՝ Բաքուն ստացել է իր պահանջած միջանցքը, թերահավատ են, որ Երևանի համար շահավետ ճանապարհները կբացվեն:
Միրզոյանը դարձյալ պնդեց՝ խոսքը բոլո՛ր ճանապարհների գործարկմանն է վերաբերում. - «Սա ամբողջ ապաշրջափակմանը, այդ թվում և այդ հատվածին է վերաբերում: Ես սա ընդգծում եմ, որովհետև տեսնում եմ, որ շահարկումները էս մասով դեռ շարունակվում են մեդիա տիրույթում, գուցե միտումնավոր, որոշ շրջանակների կողմից»:
Հայ և ադրբեջանցի պաշտոնյաները Սահմանադրության փոփոխության շուրջ քննարկում չունեն
Խաղաղության նախաստորագրված պայմանագիրը ստորագրելու համար Բաքուն շարունակում է պնդել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր նախապայմանը: Մոտ տասն օր առաջ լեհական հեռուստաալիքին տված հարցազրույցում Միրզոյանը նախապայմաններ ձևակերպումն էր օգտագործել, այսօր նախարարը հստակեցրեց՝ խոսքը հենց այն մեկ նախապայմանի մասին է, որից Ադրբեջանը չի հրաժարվում: Միրզոյանը կրկին վստահեցրեց՝ հայ և ադրբեջանցի պաշտոնյաները Սահմանադրության փոփոխության շուրջ քննարկում չունեն, և դա բացառապես Հայաստանի ներքին գործն է:
«Ես զարմանում եմ, որ շարունակաբար, էսքան հավաստիացումներից հետո հարցերը շարունակում են մնալ կամ հնչել: Բայց եթե հարցնում եք, նորից ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի էլ ստաձնելու պարտավորություն՝ փոխել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը; Կրկին՝ դա միայն և միայն մեր քաղաքացիների որոշելիքն է և մեր ներքին, ներքաղաքական, ներհանրային, եթե կուզեք, օրակարգի մաս է», - հայտարարեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
Արդարադատության նախարարությունում այժմ զբաղված են նոր Սահմանադրության մշակմամբ: Այն հանրաքվեի կդրվի խորհրդարանական հերթական ընտրություններից հետո: Վարչապետն ու թիմակիցները պնդում են, թե գործող Մայր օրենքը լեգիտիմության խնդիր ունի, դրանով են պատճառաբանում նորն ընդունելու անհրաժեշտությունը:
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունեց Մինսկի խումբը լուծարելու՝ Երևանի և Բաքվի որոշումը
Խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի մյուս նախապայմանը, որն արդեն իրողություն է, մոտ երեք տասնամյակ Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն էր: Արտգործնախարարությունում տեղի ունեցած ասուլիսում ԵԱՀԿ գործող նախագահը ողջունեց Երևանի և Բաքվի այդ որոշումը:
«Այո, Մինսկի կառույցները կփակվեն ոչ ուշ քան դեկտեմբերի 1-ը», - ասաց Էլինա Վալտոնենը:
Մինսկի խմբի լուծարումից հետո արցախցիների վերադարձի և մյուս իրավունքների հարցերը ինչպե՞ս են լուծվելու, ԵԱՀԿ պաշտոնյան այս հարցն անպատասխան թողեց, փոխարենը՝ ընդգծեց, որ աջակցում են տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, համագործակցությունն էլ կլինի տնտեսական օրակարգով:
Նախարար Միրզոյանն էլ հիշեցրեց՝ Կառավարության քաղաքականությունն այս հարցում այն է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներն իրենց կյանքը շարունակեն Հայաստանում:
ԵԱՀԿ գործող նախագահին այսօր ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Վալտոնենը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով՝ վստահություն հայտնելով, որ այն էապես կնպաստի Հայաստանի կայուն ապագայի կառուցմանն ու տարածաշրջանում համագործակցության զարգացմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման գործընթացի շարունակականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի։
Մտքեր են փոխանակվել ՀՀ–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման շուրջ։