Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը անմեղության կանխավարկածի չպահպանման ակնհայտ միտումներ է արձանագրել


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, արխիվ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հայտարարությամբ է հանդես եկել անմեղության կանխավարկածի չպահպանման վտանգավոր միտումների վերաբերյալ:

Հայտարարության համաձայն՝ ՄԻՊ աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են վերջին շրջանում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական վարույթներով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում անձանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ ձևավորելու միտումներ, որոնք ուղղակիորեն հակասում են անմեղության կանխավարկածի սկզբունքին:

«Ընդ որում` հատկապես վտանգավոր է այն հանգամանքը, որ նման ձևաչափով հանրային հաղորդակցություն են վարում իրավապահ մարմիններն ու նրանց ներկայացուցիչները, որոնք ի պաշտոնե ունեն ոչ թե պարզապես անձանց մեղավորությունը հիմնավորելու, այլ գործով անկախ, օբյեկտիվ, անկողմնակալ քննություն իրականացնելու պարտականություն: Ավելին, գործի քննության անաչառության վերաբերյալ պատշաճ հանրային ընկալումներ ձևավորելու տեսանկյունից իրավապահ մարմինները պետք է վարեն նաև համարժեք հանրային հաղորդակցություն», - ասված է հայտարարությունում:

Այս համատեքստում ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում անմեղության կանխավարկածի սկզբունքի չպահպանման ակնհայտ միտումը, ինչը կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը: Պաշտպանն ընդգծում է, որ այս սկզբունքը պետք է անշեղորեն պահպանվի ցանկացած քրեական վարույթի ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը, ինչ վարքագիծ ունի անձը և այլն:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG