Մատչելիության հղումներ

Վահե Ղազարյանի բացակայությունը Ազգային ժողովում վեճի առիթ դարձավ


Բյուջեի քննարկումներ խորհրդարանում, 29-ը մայիսի, 2024թ.
Բյուջեի քննարկումներ խորհրդարանում, 29-ը մայիսի, 2024թ.

Խորհրդարանում Ներքին գործերի նախարարության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանն այսօր ներկայացել էր ոչ թե նախարար Վահե Ղազարյանը, այլ փոխնախարարները:

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասաց, որ նախարարը չի գա քննարկմանը։

«Ազատության» հարցին, թե արդյոք պատճառն ա՞յն է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները առավոտից գտնվում են ՆԳՆ շենքի դիմաց՝ պահանջելով Վահե Ղազարյանի հետ հանդիպում, փոխնախարար Սարգսյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ դրա վերաբերյալ, ինչպես նաև այլ հարցերին կպատասխանի նիստից հետո։

Խորհրդարանական ընդդիմությունը, որ առավոտյան չէր մասնակցել 2023-ի բյուջեի կատարողականի քննարկմանը, ՆԳՆ-ի կատարողականի քննարկման ժամանակ դահլիճում էր։

Քննարկումն սկսվել էր վարչապետի ելույթով։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ համաձայն օրակարգի՝ Վահե Ղազարյանը պետք է մասնակցեր նիստին, «ուրեմն Վահե Ղազարյանը վախեցե՞լ է գա հանձնաժողովի նիստին»։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նիստը վարող Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. - «Ոչ, ձեզնից ոչ ոք չի վախենում»։

Դահլիճում բանավեճ սկսվեց։ Չնայած պատգամավորների հարցերին, թե ինչու նիստին չի ներկայացել նախարար Վահե Ղազարյանը, որն ըստ օրակարգի պետք է լիներ ԱԺ-ում, որևէ բացատրություն չհնչեց ո՛չ նրա տեղակալների, ո՛չ նիստը վարող Անդրանիկ Քոչարյանի կողմից։

Վարչապետի հրաժարականը պահանջող շարժման անդամները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, գտնվում են Ներքին գործերի նախարարության մոտ։ Նրանք այնտեղ են գնացել ՝ խոսելու ոստիկանների գործողությունից։ Ոստիկանության ներկայացուցիչները սրբազանին փոխանցեցին, որ նախարարը պատրաստ է հանդիպել նրա հետ, սակայն ոչ հանրային ձևաչափով։ Այս առաջարկը մերժվեց։

Բյուջեի քննարկմանը ֆինանսների նախարարը, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե որքան են կազմում 2023 թվականին ՆԳՆ-ում պարգևավճարները, միայն նշեց՝ այն կազմում է պլանավորված ծախսի 16 տոկոսը։ Արդյոք հետագայում այս թիվը փոխվել է, ֆինանսների ՔՊ-ական նախարարն ասաց՝ թիվն այս պահին ձեռքի տակ չկա:

«Ծանրաբեռնված աշխատանքի պայմաններում բնական է որ մարդիկ պարգևավճար ստանան»,- թեման շարունակելով՝ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադառնալով երեկ Սարդարապատում տեղի ունեցածին, հայտարարեց. - «Կաթողիկոսի շուրջ «շուրջպար» էին բռնել, ընթանո՞ւմ է քննություն, որ պարզեք՝ ով է այդ խայտառակության հեղինակը»:

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն էլ նշեց. - «Կաթողիկոսի միջադեպին կարիք չեմ համարում անդրադառնալ, դրա վերաբերյալ բոլոր պարզաբանումները տրվել են»։

Իրավապահները երեկ փորձել էին արգելել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Մինչ այս պահը միակ բացատրությունը տվել է վարչապետը՝ նշելով, որ ոստիկանությունը երեկ Սարդարապատում փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ հայրապետը «եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակադրմամբ»: ՆԳՆ-ից որևէ բացատրություն չի հնչել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG