Մատչելիության հղումներ

Մինեապոլիսում 29 մարդ է ձերբակալվել իրավապահի կրակոցից 37-ամյա կնոջ մահվանը հաջորդած ցույցերի ժամանակ


ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում առնվազն 29 մարդ է ձերբակալվել, որոնք ուրբաթ երեկոյան իրենց բողոքն էին արտահայտում 37-ամյա Ռենե Նիկոլ Գուդի մահվան կապակցությամբ։ Վերջինս սպանվել էր չորեքշաբթի՝ Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) գործակալի արձակած կրակոցներից։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, քաղաքային իշխանությունները հայտնել են, որ բողոքի ակցիաներին մոտ հազար մարդ է մասնակցել։ Տուժել է մեկ ոստիկան, ում ուղղությամբ ցուցարարները «սառույցի կտոր» են նետել։ Ցույցեր են տեղի ունեցել նաև ԱՄՆ այլ նահանգներում։

Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում է, որ Ռենե Նիկոլ Գուդի վրա կրակած գործակալը ինքնապաշտպանվել է։ Մինչդեռ, տեղական իշխանությունները պնդում են, որ կինը որևէ սպառնալիք չի ներկայացրել այդ պահին։

Ընդ որում, Մինեապոլիսի քաղաքապետը և քաղաքի ոստիկանապետը հասկացրել են, որ չնայած կիսում են ցուցարարների զայրույթը, չեն հանդուրժի փողոցներում բռնությունը։

Արդար զայրույթից մինչև բռնությո՞ւն

Շաբաթ կայացած մամուլի ասուլիսին Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը գովաբանել է ցուցարարների մեծ մասին՝ ասելով, որ նրանք խաղաղ ակցիա են արել, բայց ընդգծել է, որ նրանք, ովքեր կվնասեն գույքը կամ կվտանգեն ուրիշների անվտանգությունը, կձերբակալվեն։

Քաղաքապետի այս հայտարարության առիթն այն էր, որ ցուցարարներից մի քանիսը դիմել էին բռնի գործողությունների։ Ուրբաթ երեկոյան նրանք գնացել էին Canopy հյուրանոց, որտեղ, ենթադրաբար, օթևանել էին միգրացիոն ծառայության սպաները։

Մինեապոլիսի ոստիկանության հայտարարությունում ասվում է, որ «մի քանի անձ հյուրանոց է մտել նրբանցքի մուտքով»։ Համացանցում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ցուցարարները պայծառ լույսեր ուղղում շենքի վրա, սուլում և թմբուկ նվագում։

Ոստիկանության տվյալներով՝ այդ թաղամասում «ավելի քան 1000» ցուցարար կար։ Ոմանք սառույց, ձյուն և քարեր էին նետում ոստիկանների, ոստիկանական մեքենաների և այլ մեքենաների վրա, սակայն լուրջ վնասվածքների մասին չի հաղորդվում։ Ըստ CBS News-ի՝ իրավապահներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել, սակայն բժշկական օգնության կարիք չի ունեցել։

Իշխանությունները հայտնել են, որ հարձակման թիրախ է դարձել նաև քաղաքի մեկ այլ հյուրանոց, որի պատուհանները ցուցարարները կոտրել են, իսկ շենքի պատերին գրաֆիտի նկարել։

Մինեապոլիսի ոստիկանապետ Բրայան Օ'Հարան հայտնել է, որ ուրբաթ երեկոյան ձերբակալված բոլոր 29 ցուցարարներն էլ ավելի ուշ ազատ են արձակվել։ Նրա խոսքով՝ ցույցը ցրել են տեղական ժամանակով ժամը 01:00-ին։

«ICE-ն խախտում է դաշնային օրենքը»

Մինեսոտայի շատ բնակիչներ դժգոհություն են հայտնում նահանգում ICE-ի ներկայության վերաբերյալ: Օ'Հարան նշել է, որ իր գերատեսչությունը ամեն օր տասնյակ զանգեր է ստանում դաշնային այս գործակալության գործունեության վերաբերյալ:

Շաբաթ Մինեսոտայից երեք դեմոկրատ կոնգրեսականներ՝ Իլհան Օմարը, Քելի Մորիսոնը և Էնջի Քրեյգը, փորձել են այցելել Մինեապոլիսում գտնվող ICE կենտրոն, որտեղ նրանց սկզբում թույլատրվել է մտնել, բայց հետո հրահանգել են լքել տարածքը։

Կոնգրեսականները հայտարարել են, որ ICE-ն և Ներքին անվտանգության նախարարությունը խոչընդոտում են Կոնգրեսի անդամներին՝ կատարելու իրենց պարտականությունը և վերահսկելու գործակալությունների գործունեությունը։

«Նրանց համար միևնույն է, որ խախտում են դաշնային օրենքը», - ասել է Քրեյգը։ «Հանրությունն իրավունք ունի իմանալ, թե ինչ է կատարվում ICE հաստատություններում»,- X-ում գրել է Օմարը։

37-ամյա Գուդի մահվան միջադեպը հետաքննում է Հետաքննությունների դաշնային բյուրոն։ Մինեսոտայի իշխանություններն էլ հայտարարել են, թե քանի որ գործը հետաքննելու է ՀԴԲ-ն, իրենք էլ իրենց հետաքննությունը կսկսեն։

Մինեսոտայի քրեական հետաքննությունների բյուրոն հայտնում է, որ ՀԴԲ-ն սկզբում խոստացել էր համատեղ հետաքննություն անցկացնել, բայց հետո հրաժարվել է դրանից։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ հետաքննությունը բացառապես դաշնային գործ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG