Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը վստահ է՝ անկախ ՔՊ-ի ցանկությունից հունիսի 17-ին ԱԺ արտահերթ նիստը կլինի


ԱԺ նիստ, արխիվ
ԱԺ նիստ, արխիվ

«Մինչև հունիսի 17 շատ ջրեր կհոսեն», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ են անելու, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չի ներկայանալու հունիսի 17-ի նիստին և քվորում չի ապահովելու:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն էին ներկայացրել խորհուրդ՝ պահանջելով կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ գումարել։ Ազգային ժողովի խորհուրդը մերժեց խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունների միջնորդությունը։

«Մինչև արյան վերջին կաթիլը պետք է պայքարենք», - ասաց Մամիջանյանը:

«Քաղաքացիական պայմանագրից» Հայկ Կոնջորյանը լրագրողներին ասել էր, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին, հավելել՝ իրենք նման օրակարգ չունեն։

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին անսասան են՝ գնալու մինչև վերջ՝ սահմանադրական ճանապարհով վերականգնելու սահմանադրական կարգը։ Ըստ նրա՝ անկախ ՔՊ-ի ցանկությունից հունիսի 17-ին կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստը կլինի, բայց, նկատեց՝ «կարևոր է, որ ժողովրդի կամքը լինի այնքան հուժկու, որ պարտադրեն իշխանական պատգամավորներին շարժվել ժողովրդի կամքով»։

Ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն էլ հավելեց, որ տեղի ունեցածն սպասելի էր, շուտով կարճ հանդիպում կունենան քաղաքական ուժերի հետ՝ հասկանալու հետագա անելիքները։

«Հիմա երկու տարբերակ կա՝ կա՛մ գործի չթողնել, կա՛մ իրավունք չտանք շարժվելու, ուղղակի զրկենք աշխատելու հնարավորությունից», - ասաց նա։

  • Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը, ապա 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ։
  • Այսօր ավելի վաղ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ ընդդիմությունը ցանկանում է, որ նիստը տեղի ունենա մինչև հունիսի 17-ը, և արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն ունի 32-ը։
  • Ընդդիմադիր պատգամավորները միջնորդության մեջ, մասնավորապես, նշել էին, որ «Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է», որ «գործող կառավարությունը ձախողել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը», «պահի հրամայական է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ և անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք»։
  • Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ գիշերվանից փակ է պահում Բաղրամյան պողոտան, որպեսզի իշխանությանը պարտադրի կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG