Մատչելիության հղումներ

4 միլիոն եվրո՝ փոշու և անձրևի տակ. ԵՄ ծրագրի չօգտագործվող սարքերն ու անպատասխան հարցերը Վանաձորում


Երկու ամիս է անցել այն օրից, երբ Վանաձորի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրապարակային հաշվետվություն պահանջեց համայնքապետարանի աշխատանքային խմբից՝ հասկանալու, թե ինչպես է ծախսվել Եվրամիության նվիրաբերած 4 միլիոն եվրոն: Ծրագիրը երեք տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին մարտի 5-ի ավագանու նիստում մի շարք կարևոր հարցերի այդպես էլ չպատասխանեց:

Ավագանին կասկածներ ուներ ու բացատրություններ էր պահանջում՝ արդյո՞ք արդյունավետ են ծախսել Եվրամիության գումարները:

Դեռ անցած տարի պետք է երկու քաղաքներում շահագործվեին 10 էլեկտրական ավտոբուսներ, պլաստիկ թափոններից շինարարական սալիկներ արտադրվեին, փողոցներում էլ եվրոպական արտադրության ավլող, լվացող մեքենաներ երևային: Բայց ծրագրի մեկնարկից 4 տարի անց բազմաթիվ բաղադրիչներ մնացել են չիրագործված:

Չնայած հրապարակային հարցուպատասխանի պահանջին, «քննարկում դեռևս չի նախաձեռնվել»: Վանաձորի համայնքապետարանից են այսպես պատասխանել «Ազատության» գրավոր հարցմանը, միաժամանակ հավաստիացրել, թե պատրաստ են «հանդիպումը կազմակերպել ավագանու անդամների կողմից նախընտրած ցանկացած պահի»: Բայց նման հանդիպում մինչ օրս չի կայացել ո՛չ համայնքապետարանի, ոչ էլ հանդիպում պահանջած խմբակցության անդամների նախաձեռնությամբ:

Մեկ ամիս առաջ ծրագրի ընթացքը գնահատելու նպատակով Վանաձոր էին ժամանել Եվրամիության ներկայացուցիչները: Այս մասին համայնքապետարանի պաշտոնական հաղորդագրությանը կցված են լուսանկարներ, որոնցից երևում է, որ հարյուր հազարավոր եվրո արժողության սարքավորումները չեն օգտագործվում ու բաց երկնքի տակ են կամ փոշոտ տարածքներում: Լուսանկարներից մեկում ԵՄ ներկայացուցիչները ավտոտնակի նմանվող փոշոտ տարածքում են, որտեղ կուտակված են բազմաթիվ անվադողեր և ժանգոտ մետաղական իրեր: Կենտրոնում տեսանելի է փոշու շերտով պատված «Կերխեր» ապրանքանիշի լվացող սարքը:

Դեռ անցյալ ամառ այս սարքերը հպարտությամբ ցուցադրվել էին երկու քաղաքների հրապարակներում՝ որպես փողոցները մաքրելու նոր ու հարմար միջոց: Չնայած սարքի վրայի ակնհայտ փոշուն, համայնքապետարանից «Ազատության» պատասխանում պնդել են, թե այն օգտագործվում է: Նրանք չեն բացատրել, թե ինչու է այս սարքը գտնվում քաղաքի ծայրամասային Տարոն 2 թաղամասի այս փոշոտ ավտոտնակում, այլ ոչ թե ակտիվ օգտագործման մեջ:



ԵՄ հայաստանյան պատվիրակությունից էլ հայտնել են, թե ուշադիր հետևում են ծրագրին և դրա ազդեցությանը տեղի բնակչության վրա: Նշել են, որ այցի ընթացքում հավաստիացել են՝ ծրագրով նախատեսված բոլոր գնումները կատարված են, ավագանին էլ որոշել է ստեղծել «Վանաձոր ավտոբուս» ընկերություն, որը «մոտ ապագայում պետք է շահագործի էլեկտրական ավտոբուսները»:

«Այնուամենայնիվ, դրանք դեռ ամբողջությամբ չեն օգտագործվում, ինչը շարունակում է մտահոգիչ մնալ ԵՄ-ի համար: Քաղաքապետարանը պարտավորվել է ամբողջությամբ օգտագործել նշված ծրագրի շրջանակներում գնված բոլոր սարքավորումները, մեքենաներն ու ծառայությունները», - նշել են պատվիրակությունից:

Ամիսներ առաջ ԵՄ-ից հայտնել էին, որ արդեն երրորդ անգամ ֆինանսական աուդիտ են իրականացնում՝ պարզելու ծախսերի արդյունավետությունը: Սակայն այժմ նրանք հրաժարվում են տեղեկություններ տրամադրել դրանց արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ դեռ «մանրակրկիտ չեն վերլուծել ամբողջը»:
«Պատվիրակությունը չի կարող հստակ պատասխաններ տալ առկախ մնացած հարցերին», - Ազատությանը հայտնել են կառույցից:


Վանաձորի համայնքապետարանից այս մասին տվել են նմանատիպ պատասխան՝ նշելով, որ «ԵՄ ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումները եղել են կառուցողական», և որ «պատվիրակներին տրամադրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»: Ըստ համայնքապետարանի՝ կատարվել է արտաքին աուդիտ, սակայն դրա եզրակացությունները դեռևս չեն ամփոփվել:

Այսպիսով, չնայած Եվրամիության զգալի ներդրումներին, 4 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի հիմնական բաղադրիչները շարունակում են մնալ չշահագործված, իսկ ծախսերի արդյունավետության և հաշվետվողականության հարցերը՝ անպատասխան:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG