Մատչելիության հղումներ

Միքայել Մինասյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն


Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն, դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը։

Գլխավոր դատախազությունը նաև հիշեցնում է, որ դատախազի՝ 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ Մինասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):

Միքայել Մինասյանը, որ նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է, մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2020թ. մարտի 23-ից։

2022 թվականին Դատախազությունը լրատվամիջոցներից էր տեղեկացել, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Ինտերպոլը դադարեցրել է ծանր հոդվածներով մեղադրվող Մինասյանի հետախուզումը։ Այն ժամանակ պարզվել էր միայն, որ հենց Մինասյանն էր դիմել միջազգային որոնողական կառույցին իրեն որոնվողների ցանկից հանելու համար, Ինտերպոլն էլ բավարարել էր դիմումը։

Մեկ տարի առաջ որոշում էր կայացվել քրեական վարույթով մեղադրյալ նախկին դեսպանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:

Մի քանի ամիս առաջ էլ նրա նկատմամբ նոր քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռ 2018 թվականին հարուցված քրեական գործի երեք հոդվածներին ավելացնելով ևս 13-ը։

Հայաստանի իրավապահների կողմից որոնվող 46-ամյա Մինասյանը մինչև 2021-ն իր խոհանոցից պարբերաբար քննադատում էր իշխանություններին, ներկայացնում, իր բնորոշմամբ, իշխանությունների ստերը։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նախկին դեսպանը պասիվացավ սոցցանցերում։ Այժմ էլ հայտնի չէ, թե ինչ է նա մտածում ամռանը հարուցված նոր քրեական հետապնդման մասին։ Բայց հայտնի է նրա դիրքորոշումը նախկին մեղադրանքների վերաբերյալ։ Փաստաբան Ամրամ Մակինյանն անցած տարիներին մի քանի անգամ «Ազատությանն» ասել էր՝ պաշտպանյալը մեղքը չի ընդունում, իսկ մեղադրանքները սին են, և հորինված են համարում։

XS
SM
MD
LG