Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը 8 ամիս անց վերացվեց: Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու կիրառեց տնային կալանք։
Սրբազանը մեկ ամիս առաջ վիրահատվել է, փաստաբանները պնդում են, որ առողջական խնդիրները թույլ չեն տալիս նրան պահել բանտում:
Արքեպիսկոպոս Աջապահյանը ճաղերի հետևում է իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով: Իրավապահները հանցագործություն են որակել հարցազրույցներում արտահայտած նրա մտքերը, երբ նա խոսել էր ռազմական հեղաշրջում անելու անհրաժեշտության մասին: Առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Այս որոշումը դեռ ուժի մեջ չի մտել. քանի որ թե՛ Աջապահյանը և թե՛ դատախազներն այն բողոքարկել են վերաքննիչ ատյան: Արքեպիսկոպոսն արդարացում է պահանջում: Գլխավոր դատախազությունը համարում է, որ երկու տարվա պատիժը քիչ է, ու դիմել է Վերաքննիչ, որ կես տարով էլ ավելացնեն:
Սրբազանը հնարավորություն ունի վիճարկելու կալանքի տակ պահելու որոշումը, քանի դեռ իր մեղավորությունը հաստատող որոշումն ուժի մեջ չի մտել։
Արքեպիսկոպոսն իր իրավունքների խախտման հարցով դիմել է Եվրոպական դատարան: Սրբազանի փաստաբանները Ստրասբուրգին են ներկայացրել Եվրոպական կովենցիայի միանգամից մի քանի հոդվածների խախտումներ: Ըստ դիմումի՝ ոտնահարվել են հոգևորականի անձնական անձեռնմխելիության և արտահայտվելու ազատության իրավունքները, իսկ քրեական հետապնդումը պարզապես քաղաքական նպատակներ ունի: