Մատչելիության հղումներ

Վերաքննիչը մեկ շաբաթով հետաձգեց Միքայել Աջապահյանի կալանքի վերաբերյալ որոշումը


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, արխիվ
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան, արխիվ

Վերաքննիչ դատարանն այսօր պետք է հրապարակեր Շիրակի թեմի առաջնորդի կալանքի վերաբերյալ որոշումը: Պաշտպանական կողմը միջնորդել էր, որ Միքայել Աջապահյանին կալանավորելու դեմ իրենց բողոքը բանավոր ընթացակարգով քննվի, սակայն դատավորը մերժել է՝ որոշման հրապարակումը տեղափոխելով հուլիսի 30-ին: Դատավոր Վաչե Մարգարյանը մերժումը հիմնավորել է, թե պաշտպանական կողմին հնարավորություն է տալիս դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու:

Փաստաբան Երեմ Սարգսյանն ասում է՝ իրենք արդեն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել էին դատավոր Վաչե Մարգարյանին, քանի որ կասկածում են նրա անկողմնակալությանը: Ժամանակագրությունն իրար կողքի է դրել ու պնդում է՝ բոլոր կառույցները սինքրոն իրար հետ են աշխատում: Երեկ Քննչականը հայտարարեց Միքայել սրբազանի գործով նախաքննության ավարտի մասին, իսկ այսօր էլ դատարանը կալանքի բողոքարկման որոշման օրը հետաձգեց:

«Պարզվում է, որ երբ որ մենք էս պրոցեսները սկսում ենք, ես վստահ եմ, որ էստեղ դատավորը Դատախազության, քննչական մարմինների հետ պլանավորած, համագործակցված սինքրոն աշխատում են, որովհետև էս ժամկետները պատահական չի, երբ որ քննչական մարմինը ավարտ է հայտնում, էսօր ուզում է նախաքննությունը նյութերը ծանոթացնի, որպեսզի հասցնեն գործը ուղարկեն դատարան, որովհետև երբ որ գործը գնաց դատարան, և դատավորը վարույթ ստանձնի, Վերաքննիչ դատարանը արդեն ասելու է, որ «ես իրավունք չունեմ ձեր բողոքները քննարկելու, որովհետև արդեն դա գործը ըստ էության քննող դատավորի տիրույթում է», - «Ազատության» հետ զրույցում նշեց փաստաբանը՝ հավելելով. - «Այսինքն, այլ խոսքով ասած՝ ամեն ինչ անում են, որպեսզի էս խայտառակությունը, որը որ հատուկ մակագրել են, որ Վաչե Մարգարյանը քննի, իսկ ինքը ի վիճակի չի լինելու ազատ արձակել, հիմա փորձում են այնպես անել, որ չքննի, որպեսզի տպավորություն չլինի, որ ինքն էլ կատարեց էս նույն գործողությունները, որ տեղի ունեցան»:

Միքայել արքեպիսկոպոսին իշխանությունը զավթելու կոչի հոդվածով մեղադրանք ներկայացվեց՝ նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույցի հետքերով, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ դրանից մեկ տարի առաջ Գլխավոր դատախազություն նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել:

Երեմ Սարգսյանը պնդում է՝ եթե Աջապահյանի գործը ոչ թե քաղաքական, այլ իրավական լիներ, ապա նախաքննության ավարտից հետո մոտ մեկ ամիս անազատության մեջ գտնվող Աջապահյանը պետք ազատ արձակվեր:

«Նորմալ իրավական երկրում, երբ որ բոլորը լինեին անկախ, և ամեն մեկը իր գործը աներ իրավաբանորեն, այլ ոչ թե քաղաքական ուղղորդումներով, հիմա հետևյալը պետք է լինի՝ գործը երբ որ քննիչը ուղարկի դատախազին, դատախազը միանգամից պետք է կալանք խափանման միջոցը վերացնի՝ էն հիմնավորմամբ, որ այլևս վերացել է, ի սկզբանե չի եղել, բայց եթե իրենք ասում են, որ իբր թե գործի քննության կատարելու անհրաժեշտություն կա, և կարող է խոչընդոտի, հիմա էս խոչընդոտման հավանականությունը, ըստ էության, ավարտվեց, սպառվեց, որովհետև գործողությունները ավարտվեցին, և այստեղ էլ ոչինչ չկար անելու՝ բացի էդ տեսագրությունը, որը որ կա, և դա փոփոխման ենթակա չի, նորմալ իրավիճակում իրավաբան դատախազը պետք է վերացնի էս խափանման միջոցը», - մանրամասնեց Երեմ Սարգսյանը և շարունակեց. - «Ես քիչ հավանական եմ համարում, որ իրենք էդպիսի գործողություններ կանեն, բայց մենք չենք սպասի իրենց, և էդ միջնորդություններով պաշտպանական թիմը, բնականաբար, հանդես կգա, և կփորձենք նաև էդ ճանապարհը կիրառել, տեսնենք, թե ինչ արդյունք կտա»:

Միքայել Աջապահյանի պաշտպաններն այսօր արդեն նաև դատախազին են միջնորդություն ներկայացրել նրա խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ: Առայժմ պատասխան չունեն: Մեղադրող կողմն ավելի վաղ պնդել էր, թե Շիրակի թեմի առաջնորդը կարող է խոչընդոտել նախաքննությանը:

«Երբ որ Միքայել սրբազանի կալանավորման ժամանակ քննիչը, դատախազը ներկայացնում էին դատարանին, իբր ակտիվ օպերատիվ իրավիճակը հաշվի առնելով՝ ակտիվ քննչական դատավարական գործողություններ ունեն անելու, մենք էդտեղ ասում էինք, որ «դուք ոչինչ չունեք անելու»: Եվ իրենք ասում էին, իբր թե էդ գործողություններին կարող է խոչընդոտի Միքայել սրբազանը, մենք էլ ասում էինք՝ «գոնե կարո՞ղ եք ինչ-որ ձևով ներկայացնել, թե ինչ պետք է անեք՝ ունեք տեսագրությունը, զննել եք, խուզարկությունը արել եք, ըստ էության՝ խուզարկության կարիք էլ չկա, էլ ոչինչ չունեք անելու»: Բայց իրենք բարդացնում էին, դատավորն էլ գրել է, որ կալանավորում է, որ էդ խոչընդոտումները չլինի, մեկ էլ պարզվում է, որ իրականում բան չունեին անելու, գործի քննությունը ավարտեցին: Այսինքն՝ էն որ իրենք իբր երկու ամիս պետք է սենց ծավալուն գործողություններ, իրականում ոչինչ էլ չունեն անելու: Հետևաբար, էս ամեն ինչից ելնելով ակնհայտ է, որ սա ուղղորդված է», - ընդգծեց փաստաբանը:

Երեմ Սարգսյանը պնդում է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին իշխանությունները շինծու գործով փորձում են լռեցնել. - «Կարողանում է խոսել էնպիսի բացասական երևույթների մասին, որոնք որ տեղի են ունենում, իշխանությունները ուզում են լռեցնեն նրան և էս ճանապարհը ընտրեցին, որպեսզի լռեցնեն: Այսինքն, էս շինծու մեղադրանքը, որը որ իրենք ձևակերպեցին, սա ուղղակի խայտառակություն է, որը որ իրենք առաջ են տանում, բայց էսպես չի կարող մնալ, բնականաբար, մի օր իր իրական նորմալ հանգուցալուծումը կստանա»:

Միքայել սրբազանին ազատ արձակելու պահանջով Շիրակի թեմում մոտ մեկ շաբաթ անցկացված ստորագրահավաքին 3 հազարից ավելի մարդ է միացել: Փաստաբանն ասում է՝ դա իրավական առումով գործի ոչինչ չի կարող տալ, բայց հանրային պահանջն է արտահայտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG