Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի ինը զոհերի գործով վճիռը: Դատարանն արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։
Դատարանը միաձայն որոշել է, որ Սամվել Հարությունյանից և Զաքար Հովհաննիսյանից բացի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում է եղել յոթ զոհերի մասով։
Դատարանը նաև փաստել է, որ բոլոր զոհերի մահվան գործերով քննության մասով նույնպես խախտվել է 2-րդ հոդվածը։ Ըստ այդ որոշման՝ քննչական գործողությունները եղել են ոչ լիարժեք կամ անարդյունավետ:
ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պարտավոր է յուրաքանչյուր զոհի հարազատի վճարել 30 հազարական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, 35 հազար եվրո՝ դատական ծախսերի հատուցման համար։