«Վերջին երկու օրերին Ռուսաստանը 100 հրթիռ և 466 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Հրթիռներից 90-ը՝ միայն անցած գիշեր»,-Աստանայում ընթացող ՀԱՊԿ հավաքի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 17 թիրախ է խոցվել։
«Մեր այս գործողություններն ամերիկյան արտադրության հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին հասցված հարվածների պատասխանն են», - նշել է Պուտինը։
Անցած շաբաթ Ուկրաինան առաջին անգամ ամերիկյան ու բրիտանական հրթիռներով հարվածեց Ռուսաստանի խորքերում գտնվող թիրախներին։ Ռուսական կողմը գործի դրեց իր զինանոցի ամենաարդիական զենքերից մեկը՝ միջին հեռահարության «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով թիրախավորելով Դնեպրը։ Պուտինը սպառնաց՝ Մոսկվան պատրաստ է նոր հարվածների և ոչ միայն Ուկրաինայի ուղղությամբ։