Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը Մարզահամերգային համալիրում կհայտարարի խորհրդարանական ընտրություններում վարչապետի իրենց թեկնածուի անունը, ինչպես նաև կներկայացնի, թե ինչ «նոր» ձևաչափով են մասնակցելու ընտրություններին:
«Մենք ներկայացնելու ենք առաջիկա ընտրություններին մասնակցելու մեր ձևաչափը, վարչապետի թեկնածուին ու մեր ծրագրային հիմնական դրույթներն ու սկզբունքները», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Ազատության» տեղեկություններով՝ անակնկալներ չեն սպասվում և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կառաջնորդի դաշինքը՝ գլխավորելով նախընտրական ցուցակը:
Իր վերջին ասուլիսում էլ Ռոբերտ Քոչարյանը չէր թաքցրել՝ վարչապետի հավանական թեկնածուն ինքն է, բայց վերջնական որոշման մասին կհայտարարեն սոցհարցումներից հետո. «Ես ինքս որպես մի առաջնորդ, որը ընդունակ է, արել է մի երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավականին լուրջ հաջողությունների հասել է և կարող է դա անել երրորդ անգամ: Սա պետք է մեր մեսիջը լինի մեր ընտրողներին»:
Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը այսօր երեկոյան նախատեսված միջոցառմանը կներկայացնի նաև դաշինքի պաշտոնական կարգախոսը։ Դատելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքից՝ երկրորդ նախագահի թիմը նախընտրել է՝ «Միասին կարող ենք» կարգախոսը:
Ի դեպ, Մարզահամերգային համալիրում կայանալիք միջոցառմանը լրագրողները հրավիրված չեն, դրան հնարավոր է հետևել ուղիղ հեռարձակման միջոցով:
Փաշինյանը «իրատեսական է համարում սահմանադրական մեծամասնություն ստանալը»
«Հետևությունն այն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանալն առավել քան իրատեսական է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ երկրորդ նախագահը պատրաստվում է հայտարարել, թե ինչ ձևաչափով և կարգախոսով է մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին, վարչապետ Փաշինյանը իր «ուրախ ավտոբուսով» շարունակում է մարզային հանդիպումները:
Անցած շաբաթ Սյունիք և Վայոց ձորի մարզ կատարած այցելություններից հետո Փաշինյանը հայտարարեց, թե ընտրություններում միանգամայն իրատեսական է սահմանադրական մեծամասնություն ստանալը: Սա նշանակում է, որ ՔՊ -ն ծրագրում է խորհրդարանի կեսից ավելի տեղեր վերցնել:
Վարչապետ Փաշինյանն իհարկե երեկ չմանրամասնեց, թե ինչի վրա է հիմնված իր այս լավատեսությունը: Նա կուսակիցներին պարզապես հորդորում էր տեր կանգնել այդ հնարավորությանը: Հարկ է նկատել, որ ամերիկյան հանրապետական ինստիտուտի՝ IRI -ի վերջին հարցումներով վարչապետի առաջնորդած ՔՊ-ն ընդամենը 24 տոկոս ձայն էր ստացել:
«Այս հնարավորությանը տեր կանգնելու և իրացնելու համար պետք չէ ամաչել զգացմունքներից, ցույց տվեք ամեն օր ձեր սերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին», - ասել է վարչապետը:
Թե որքանով կազդի ՔՊ-ականների ի ցույց դրվող սերը ընտրությունների արդյունքների վրա, դժվար է ասել, սակայն Սահմանադրության նոր տեքստ գրող և «Անկախության հռչակագիրն» այդ տեքստից դուրս թողնելու մտադրություն ունեցող Փաշինյանին խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալը խիստ անհրաժեշտ է: Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանը պետք է որոշման նախագիծ ընդունի, որի համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը: Ըստ այդմ՝ իշխանությունը չի կարողանա նախաձեռնել նոր Սահմանադրություն ընդունում, եթե չունենա սահմանադրական մեծամասնություն:
«Հունիսի 7-ից հետո Փաշինյանը չի լինելու վարչապետ»
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե սահմանադրական մեծամասնություն են կազմելու խորհրդարանում, ապա միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը համոզված է՝ հունիսի 7-ից հետո Փաշինյանն այլևս վարչապետ չի լինելու. «Նոր սոցիոլոգիական հարցումների համաձայն Նիկոլ Փաշինյանը հունիսի 7 -ից հետո չի լինելու երկրի վարչապետը»:
Նիկոլ Փաշինյանի Սահմանադրական մեծամասնություն վերցնելու լավատեսությանը միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» պատասխանում է նոր սոցհարցումներով, որոնց համաձայն տնային կալանքում գտնվող գործարարի վարկանիշը՝ «թռիչքաձև» աճում է:
Կուսակցության պատվիրած հարցումների համաձայն՝ եթե Սամվել Կարապետյանի օգտին պատրաստ է քվեարկել 35, ապա Փաշինյանի օգտին ավելի քիչ՝ 34 տոկոսը: Ինչ վերաբերում է սահմանադրական մեծամասնություն վերցնելու Փաշինյանի պնդմանն, ապա «Ուժեղ Հայաստանի» առանցքային անդամներից Գոհար Մելոյանը հիշեցնում է ոչ միայն իրենց պատվիրած սոցհարցումները, այլև իշխանականների կողմից շրջանառված IRI -ի վերջին հարցումը, որից համաձայն Փաշինյանի ՔՊ -ն 24 տոկոս ձայն ունի:
«Անգամ իրենց շրջանառած սոցհարցումների տվյալներով իրենք չունեն հնարավորություն սահմանադրական մեծամասնություն ձեռք բերելու: Բոլոր տվյալներով այս քաղաքական ուժը չունի հանրային մեծաքանակ աջակցություն», - նշեց Մելոյանը:
Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի ներկայացուցիչը պնդում է, որ հանրությունը արդեն 2 անգամ վստահության քվե է տվել ՔՊ -ին, սակայն Փաշինյանի կառավարությունը չի կատարել իր իսկ տրված խոստումներն ու ըստ էության տապալել է 2021-26 թվականների կառավարության ծրագիրը:
Իշխանությունը մինչդեռ հակադարձում է՝ կատարել է իր տված գլխավոր խոստումը, այն է՝ խաղաղություն է բերել, իսկ վերընտրության դեպքում անշրջելի է դարձնելու այդ խաղաղությունը: