Մեծ Բրիտանիան հետ է կանչել Բեյրութում դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին և կրկնել կոչը իր քաղաքացիներին լքել երկիրը՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակը:
«Մենք խորապես անհանգստացած ենք Լիբանանում անվտանգության ծայրահեղ փխրուն իրավիճակով», - ասել է ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ տարածաշրջանում լրացուցիչ հյուպատոսական սպաներ և զինվորականներ են տեղակայվել։
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, իրենց քաղաքացիներին հորդորել են հնարավորինս շուտ հեռանալ կամ զերծ մնալ Լիբանան այցերից։
- Շաբաթասկզբին իսրայելական կողմի հարվածի հետևանքով զոհվեց Լիբանանի հարավային շրջանները վերահսկող իրանամետ «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարներից մեկը։ Կազմակերպության առաջնորդի պնդմամբ՝ իր զինակցի սպանությունը շրջադարձային կետ է Իսրայելի դեմ պայքարում։
- Իր հերթին, Իրանը կոշտ պատասխան է խոստացել Իսրայելին, որին մեղադրում է հուլիսի 31-ի գիշերը Թեհրանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման քաղաքական առաջնորդի սպանության մեջ։
- Իսրայելը ոչ հերքել, ոչ հաստատել է իր մասնակցությունը սպանությանը։ Վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մեծ գին կպահանջի իր դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում, որտեղից էլ այն լինի։