Խորհրդարանական ընդդիմությունն այսօր բոյկոտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը: Ընդդիմադիրների դատարակ աթոռները վարչապետ Փաշինյանի հետաքրքրությունը շարժեցին:
«Է մեր գանձերը ո՞ւր են բա էսօր», - հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
«Գանձարանում են, պարոն վարչապետ», - արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ավելի ուշ, իշխանականների հարցերին պատասխանելիս, Փաշինյանը կրկին անդրադարձավ ընդդիմության այսօրվա բոյկոտին՝ փորձելով մեկնաբանել պատճառները. - «Հիմա ընդդիմությունը ինչի՞ է բացակա՝ որովհետև սենց իրանց բոլոր թեզերը ջարդվել են, իրանց բոլոր թեզերը ջարդվել են, որովհետև հիմա իրանք գան ի՞նչ հարցնեն»:
Թե ինչու էր ընդդիմությունը որոշել այսօր բոյկոտել հարցուպատասխանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ պատճառ չկա, պարզապես որոշել են չմասնակցել:
Կառավարությանը հարց տալու համար գրանցվեց երկու տասնյակից ավելի իշխանական պատգամավորներ: Հենց նրանց հարցերին էլ ավելի քան երկու ժամ Փաշինյանը պատասխանեց:
«Մեր ընդդիմադիր գործընկերների տեղերը զբաղեցրել են մեր օպերատորները: Կարող եք գրանցվել՝ հարցերով, բան, եթե կա, կարծում եմ՝ օգուտը ավելի շատ կլինի», - ասաց Ալեն Սիմոնյանը:
Ընդդիմադիրների բացակայությամբ, Փաշինյանն այսօր ծավալուն քննադատության ենթարկեց հայաստանյան ընդդիմությանը: Նրանց անվանելով «արտաքին էմիսարներ», վարչապետը պնդեց՝ ընդդիմությունը ընդամենը կատարում է արտաքին ուժերի թելադրանքը:
«Գիտե՞ք, մենք շատ ինֆորմացիայի ենք տիրապետում, և մեր ընդդիմության մի հսկայական հատվածի, կամ ամենաակտիվ հատվածի խոսույթները և քաղաքականությունները մշակվում են Հայաստանից դուրս: Իրենք ներքաղաքական կյանքի հետ ոչ մի կապ չունեն, իրենց կապը արտաքին օրակարգերի հետ է:, և իրենք արտաքին քաղաքականության ներքին արգելակներն են, էսպես ասենք: Ընդդիմության սեգմենտում մենք ունենք ընդամենը արտաքին էմիսարներ, որոնք կատարում են արտաքին հանձնարարականներ՝ բառիս բուն, ուղիղ իմաստով, և դա կարծում եմ ակնհայտ է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Շարունակելով թեման`վարչապետը պնդեց, որ երկրի ներքաղաքական կյանքում այսօր մի հարց քննարկվում՝ Հայաստանը պե՞տք է լինի անկախ պետություն, թե՞ չպետք է լինի. - «Թե՞ պետք է լինի փսևդո, այսինքն՝ էն որ ասում են՝ «անըմը կա, ամանըմը չկա »:
Փաշինյանը հենց այս հարցի հետ կապեց խաղաղության օրակարգը, քանի որ, նրա բնորոշմամբ խաղաղությունը՝ անկախության, իսկ կոնֆլիկտը՝ կախվածության գործոն է. - «Էն որ էդքան շահարկում են, երբ որ ասել եմ, որ Ղարաբաղի հարցն օգտագործվել է Հայաստանի պետականությունը, անկախությունը, անկախության զարգացումը թույլ չտալու համար: Հիմա, այդ թվում՝ ներքաղաքական որոշ ուժեր, ավելի ճիշտ՝ ներքին դաշտում գործող որոշ արտաքին ուժեր դժգոհ են նրանից, որ Հայաստանը հաղթահարել է, ոչ թե հաղթահարում է, այլ հաղթահարել է այդ իրավիճակը: Հիմա մեզ փորձելու են հետ քաշել, և էստեղ, ինչպես միշտ, վճռական խոսքը էլի ժողովրդինն է լինելու, և ես համոզված եմ, որ ժողովուրդը չի կարող ինքը իր դեմ գործել»:
Հակադարձելով ընդդիմությունից հնչող քննադատություններին, թե իր կառավարությունը շարժվում է Թուրքիայի և Ադրբեջանի թելադրանքով, Փաշինյանը պնդեց, որ իրենք Հայաստանի ժողովրդի ցանկություններն են իրագործում, և հենց դա է պատճառը, որ 2021-ին՝ պատերազմից հետո, երբ ընդդիմադիրները շաբաթը մեկ հեղափոխություններ էին անում, ժողովուրդը կրկին իրենց ձայն տվեց:
«Մենք անում ենք էն, ինչ որ մեր ժողովուրդը ուզում է՝ բառիս բուն իմաստով», - վստահեցրեց վարչապետը:
«Ասել, թե մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է». ՊՆ նախարարը՝ զինծառայության ժամկետը կրճատելու մասին
Ընդդիմադիրներին ուղղված քննադատություններից բացի, իշխող ուժը Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նաև զինծառայության ժամկետը կրճատելու քննադատություններին անդրադարձավ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ տեղեկացրեց, թե ժամկետային զինծառայության ժամկետը սկսած հաջորդ տարվա հունվարի 1-ից երկու տարվա փոխարեն կլինի մեկուկես տարի: Ի դեպ, այս կարգավորումը պետք է ուժի մեջ մտներ 2026-ի ամառային զորակոչից սկսած, սակայն Փաշինյանը տեղեկացրեց, որ որոշել են այն ավելի շուտ կիրառել՝ սկսած արդեն հունվարից. - «Որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից»:
Քննադատություններ հնչեցին, որ 2026-ի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ Կառավարության հապճեպ նախընտրական այս քայլը կարող է լուրջ ազդեցություն թողնել երկրի պաշտպանունակության վրա՝ մեծացնելով զինծառայողների բեռը:
Սակայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանի ամբիոնից շտապեց պարզաբանել՝ զինծառայության ժամկետը կրճատելու իրենց քայլը հապճեպ չի եղել, այն ամրագրված է եղել Կառավարության ծրագրում:
«Խոսել , որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է», - հայտարարեցՊապիկյանը:
«Այս միտքը նոր միտք չէ: Նախ՝ խորհուրդ կտամ էն գործընկերներին, ովքեր մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու և նախընտրական ինչ-որ գործողությունների մեջ, կարդան Կառավարության ծրագիրը: Կառավարության ծրագրով մենք ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության հնգամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը», - ընդգծեց պաշտպանության նախարարը:
Սուրեն Պապիկյանը մեկ այլ փաստաթղթի էլ հղում արեց՝ «Հայաստանի բանակի կերպափոխման հայեցակարգին», որտեղ, ըստ նախարարի, նույնպես զինծառայության ժամկետը կրճատելու հանձնառություն են ստանձնել:
«Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա: Եվ իհարկե, ամեն ինչ կախված պիտի լիներ, թե մեզ հաջողվում է արդյոք այս տարիներ ընթացքում պայմանագրայինների թվաքանակը ավելացնել: Ազգային ժողովը շուրջ երկուսուկես տարի առաջ ընդունել է մի օրենք, որով թույլատրում է ժամկետային զինծառայողներին վեց ամիս ծառայելուց հետո կնքել պայմանագիր: Խոսքը վերաբերում է նրան, որ այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ, այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն», - ասաց նախարարը:
«Այսինքն խոսել , որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է», - ամփոփեց Սուրեն Պապիկյանը;