Մատչելիության հղումներ

«Մեր ձևով»-ի աշխատակիցները միայն աշխատավարձ են ստացել, ոչ ընտրակաշառք. փաստաբան

Դատարանը մերժել է «Մեր ձևով» շարժման գրասենյակի երեք աշխատակիցներից երկուսին կալանավորվելու միջնորդությունը, երրորդի դեպքում էլ քննիչների պահանջած երկու ամսվա փոխարեն մեկ ամսյա կալանք է կիրառել: Նրանք, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, մեղադրվում են ընտրակաշառք տալու և ստանալու համար:

Այս գործով զբաղվող փաստաբաններից Վահան Հովհաննիսյանը մինչդեռ պնդեց՝ «Մեր ձևով»-ի աշխատողները ոչ մի ընտրակաշառքի հետ կապ չունեն, աշխատել են այդ գրասենյակում և ստացել աշխատավարձ:

«Խոսում են տարբեր անձինք, տարբեր տեղերից կտրված, մոնտաժված, մեկը մյուսին միացված ինչ-որ հաղորդագրություններ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Երեկ ընտրական հանցագործությունները քննող իրավապահ կառույցը մի հաղորդագրություն տարածեց՝ պնդելով, թե բացահայտել են ընտրակաշառքի դեպք: Ըստ իրավապահների՝ գործարար Սամվել Կարապետյանի առաջանորդած ուժը Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում գրասենյակ է բացել, գրանցել ձևական աշխատակիցների և նրանց հանձնարարել հավաքագրել մարդկանց, ովքեր ընտրություններին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, թե ընտրակաշառքի փաստը քողարկելու համար այդ անձանց տրամադրվող գումարը ձևակերպվել է որպես աշխատավարձ:

Փաստաբանը, սակայն, հակադարձում է՝ ինչպես հրապարակված ձայնագրության, այնպես էլ գործին առնչվող նյութերում «ընտրակաշառք» բառն անգամ չկա. «Ես հարում եմ ինչ-որ քաղաքական ուժի, ստանում եմ այդտեղից աշխատավարձ իմ ինչ-որ գործունեության համար, օրինակ՝ բուկլետներ բաժանելու համար։ Բուկլետներ բաժանելու համար ինձ 180 անձ ասում է, որ ես գալու եմ, ընտրեմ ձեր քաղաքական ուժին։ Ես գնում եմ, ասում՝ մեր քաղաքական ուժի՝ տվյալ կառույցի ղեկավարին, օրինակ, որ այդ 180 անձը մեզ են գալու, ընտրեն։ Դա նշանակո՞ւմ է, որ այդ 150 հազար դրամը ես ստացել եմ, որ տամ այդ անձանց, որ այդ անձինք գան, ընտրե՞ն մեր քաղաքական ուժին։ Իսկ առավելագույնը, ինչ որ ասում էր վարույթն իրականացնող մարմինը, դա էր»։

Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես են ինչ-որ մարդիկ քննարկում գրանցվելու, աշխատավարձ ստանալ-չստանալու հարցը: Մեկը դժգոհում է և ասում, թե իր աշխատանքի դիմաց պետք է աշխատավարձ վերանայեն, մեկ ուրիշն ասում է, թե ինքը հունվար ամսվա համար փող առհասարակ չի ստացել: Մի դրվագում էլ 180 հոգու մասին է հիշատակվում:

Փաստաբանի պնդմամբ՝ այդ ձայնագրության մեջ լսվող խոսակցություններն ամբողջությամբ աշխատանքային հարաբերությունների մասին են: Եթե այդ հարաբերությունների հիմքում, ըստ փաստաբանի, չկա աշխատանքային պայմանագիր կամ այլ իրավական փաստաթուղթ, ապա այստեղ առավելագույնը կարող է խոսք գնալ աշխատանքային հարաբերությունների խախտման մասին:

«Ըստ քննիչի՝ այդ տրված աշխատավարձը չի ֆիքսվել, բայց սա հարցի մի կողմն է, մյուս կողմն է, որ այդ գումարը վերցվել է արդյո՞ք քվեներ բերելու համար, թե՞ ոչ։ Եթե անձը ստացել է աշխատավարձ, այդ աշխատավարձի դիմաց պարտավորվել է կատարել ինչ-որ աշխատանքներ, օրինակ՝ բուկլետներ բաժանել, իրազեկման ակցիայի շրջանակներում դռների արանքը կամ ցանկապատների վրա որոշակի քարոզչական ինչ-որ նյութ տեղադրել։ Դա ամենևին չի նշանակում ընտրակաշառքի մասին», -ասաց Վահան Հովհաննիսյանը:

«Տաշիր Սամոյի ընտրակաշառքի ցանց». Փաշինյանի գնահատականը


Եվ մինչ իրավապահները կփորձեն պարզել այս գործի մանրամասները, իսկ դատարան հասնելու դեպքում կորոշվի մարդկանց մեղավորությունը կամ անմեղությունը, վարչապետն արդեն Հակակոռուպցիոնի հաղորդագրությունը որակեց «Տաշիր Սամոյի ընտրակաշառքի ցանց»: Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակած կարճ տեսանյութում մեջբերումներ կարդաց երեկվա հաղորդագրությունից և պնդեց, թե սա Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքն է մարդկանց նկատմամբ: Ընդ որում, Ծառուկյանը, որ 2020 թվականից մեղադրվում էր 2017 թվականի ընտրություններում կաշառք բաժանելու համար, բոլորովին վերջերս արդարացվեց:

«Սա ձեզ համար Նիժնի Տաբրի գեղը չի, որտեղ ձեր ավանդույթները կարող եք առաջ մղել։ Դուք 2026 թվականի հունիսի 7-ին ստանալու եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատասխանը։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որին դուք այսպես թվագրում եք, փաթեթավորում եք, որոշում եք, որ փողով կարող եք առնել և ծախել, ձեզ ապրանքի պես փաթեթավորելու է ու դնելու է այն տեղը, որին դուք արժանի եք։ Ու Հայաստանի Հանրապետության համը ձեր բերանում է մնալու», - ասաց նա։

«Միասնության թևերն» ահազանգում է ընդդիմադիրներին տարածք չտրամադրելու իշխանության քայլերի մասին


Մեծամորում ընտրական ապօրինությունների համար ընդդիմադիրներին քննադատող վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին, մինչդեռ, հենց այս համայնքում մրցակցային անարդար պայմանների, խաղի անհավասար կանոնների համար այսօր մեղադրեցին Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» նախաձեռնությունից: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած այս ուժի անդամներից Լևոն Չուկակլյանը հայտնեց՝ մինչ այժմ Մեծամորում չեն կարողանում գրասենյակի համար տարածք վարձել: Մի քանի փորձ արել ու տապալվել են:

«Երբ որ փորձում էինք գտնել, երկու տարածքի տերեր պատասխանեցին, որ մինչև հուլիս ամիս իրենց վերևներից արդեն իսկ տարածքի վարձակալության գումարի չափով գումար է տրամադրվել, որպեսզի ընդդիմադիրներին վարձակալությամբ տարածք չտրամադրեն: Հենց այդպես էլ ասացին հեռախոսով։ Եվ բացի դրանից ևս մեկ դեպք ունեցանք։ Հաջորդ օրը, երբ գտանք քաղաքացի, ով պատրաստ էր մեզ տրամադրել տարածք, իր փաստաթղթերը վերցրեցինք, որպեսզի պայմանագիր պատրաստեինք ու կնքեինք վարձակալության պայմանագիր, հաջորդ օրը արդեն մեզ զանգահարեց և տեղեկացրեց, որ այլևս չի ցանկանում տարածքը տրամադրել», - պատմեց նա։

Որ «Քաղաքացիական պայմանագիրը» մրցակից ուժերի գործունեությունը սահմանափակող քայլեր է իրականացնում, օրեր առաջ հայտնել էր նաև «Անկախ դիտորդի» անդամ Դանիել Իոնաննիսյանը. «Որոշ շրջաններում տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմիններում ներգրավված ղեկավար անձինք «աշխատում» են կոմերցիոն տարածքների սեփականատերերի հետ: Որոշ համայնքներում ՔՊ-ի հետ փոխկապակցված անձինք պարզապես վճարում են տարածքների սեփականատերերին, որ այդ տարածքները ընդդիմությանը չտրվեն: Որոշ տեղերում էլ տարածքների սեփականատերերը պարզապես վախենում են ընդդիմադիրներին վարձակալությամբ տարածքներ տալ՝ իրական կամ ենթադրյալ ճնշումներից խուսափելու համար»:

Թե այս ահազանգի ուղղությամբ ի՞նչ են անում իրավապահները կամ առհասարակ քայլեր ձեռնարկում են, թե ոչ, հրապարակային տեղեկություն չկա:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG