«Մենք տարբեր առաջարկներ ստացել ենք և ստանում ենք», - հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությանը, թե Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որն Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին
«Տեսեք, դուք ասեցիք, որ եթե Հայաստանը հրաժարվի ճանապարհից, Հայաստանը չի հրաժարվելու ճանապարհից, որովհետև ասացի, որ մեր օրակարգն է դա, սա մեր օրակարգն է, մենք ենք առաջարկել աշխարհին, ասել ենք՝ մենք ուզում ենք սա», - նշեց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ «մենք բոլոր առաջարկները քննարկում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հիմքի վրա»։
«Մենք չենք քննարկում, hասկանու՞մ եք, եթե մենք քննարկելիս լինեինք դա, ընդ որում, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամեն օր գործնականում այդ բանը ասվում է։ Եթե մենք այդ ձեր ասած տրամաբանության մեջ լինեինք, հենա վաղուց այդ ձեր ասածներն արդեն տեղի ունեցած կլիներ, կամ այդ ամեն ինչը առաջարկված կլիներ, ձևակերպված կլիներ։ Մենք ուրիշ համատեքստում հասկանում ենք, կարող են հնչել անծանոթ բառեր՝ արտապատվիրակում, լիզինգ, կառուցապատման իրավունք, չգիտեմ, վարձակալություն, էլ ինչ կարող է հնչի, ներդրում, ճանապարհ։ Հա, իմիջիայլոց մի հատ շատ կարևոր բան կա, որը մի քիչ նուրբ հարց է։ Հիմա, օրինակ, ձեզ հայտնի հանգամանքների բերումով միջանցք բառը մենք Հայաստանյան քաղաքական խոսույթում ինքը որոշակի իմաստներ, որը մեզ համար մեղմ ասած ալերգիկ է, բոլորիս համար։ Ասենք Հայաստանի Հանրապետության Հյուսիս-Հարավ ճանապարհը գիտե՞ք ոնց է կոչվում, պաշտոնական անունը՝ «Հյուսիս-Հարավ տրանսպորտային» միջանցք։ Դա Հայաստանի պաշտոնական փաստաթղթերի մեջ գրվում է՝ «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ընդգծելով՝ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո «մեզ համար միջանցք բառը ստացել է որոշակի ալերգիկ կոնտեքստներ», վարչապետ Փաշինյանն ասաց. - «Շատ դեպքերում միջազգային մեր գործընկերները, երբ որ իրենք ասում են միջանցք, մենք այսպես մի քիչ վեր ենք թռնում, իրենք էլ իրենց հերթին են վեր թռնում, ասում են՝ բայց ի՞նչ ասեցինք։ Ընդհակառակը, ամբողջ աշխարհը բոլոր տեղերում փնտրում է միջանցք և այլն, և այլն։ Հիմա ամեն անգամ խնդիր առաջանում է, երբ որ ասեցին միջանցք, իրենք ո՞ր միջանցքը նկատի ունեն, այն միջանցքը նկատի ունեն, այն միջանցքը, թե՞ այն միջանցքը»։