Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպմանը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ինչպես է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ:
«Մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ, այս նպատակին միտված մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա համար ռացիոնալ ձևաչափը, կոնցեսիոն կառավարման ձևաչափը փոխելն է, այսինքն, երրորդ երկրների պատվիրակելը, բայց եթե Ռուսաստանի գործընկերներն ասում են, որ իրենք գիտեն ինչպես լուծել այդ հարցը, կարող են լուծումներ առաջարկել: Երեկ քննարկման արդյունքում ասել եմ՝ շատ լավ, եկեք ձևավորենք խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ոնց է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ», - մասնավորապես ասաց վարչապետը:
Տևական ժամանակ է՝ Երևանն առաջարկում է, որ Հայկական երկաթուղիների կառավարումը փոխանցեն և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի: Ռուսական կողմից արձագանքում էին՝ կոնցենսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի դադարեցման դեպքում կարող են ետ պահանջել իրենց կատարած ներդրումները՝ 400 միլիոն դոլարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենն «Ազատությանն» ասել էր, թե կոնցեսիան դադարեցնելու հարցը չեն քննարկել, այդ մասին որևէ ակնարկ չկար նաև Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում:
«Մենք ասել ենք, որ բարեկամական լուծում ենք ուզում, եթե իրենք ունեն որևէ հարցի պատասխան, երբեք մեր տրամադրվածությունը չի եղել, որ՝ չէ, մենք էդ հարցի պատասխանը չենք լսում: Երեկ ես այդ հարցը դրել եմ՝ Իջևան-Հրազդան երկաթուղու վերականգնումը ռազմավարական նպատակ է մեզ համար: Ախուրիկում սռնանիվների փոխելու կետի կառուցումը ռազմավարական նպատակ է: Ռազմավարական նպատակ է Իջևան- Հրազդան երկաթուղու ճյուղը», - այսօր հայտարարեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը Հայաստան էր ժամանել իր հրավերով: