Մատչելիության հղումներ

Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, զուգահեռ բողոքի ակցիաներ էին

Լրացված

Այսօր առավոտյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Մինչ այդ տեղի ունեցավ դիմավորման արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով ողջունում էր համալիր ժամանող շուրջ հինգ տասնյակ առաջնորդներին:

Երևան ժամանեցին Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորվեգիայի, Լեհաստանի վարչապետերը, Եվրոպական միության ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Առաջին անգամ այս ձևաչափով հավաքին որպես հյուր մասնակցում էր Կանադայի վարչապետը: Եվրամիության առանցքային երկրներից միայն Գերմանիայի կանցլերը չժամանեց գագաթնաժողովին՝ պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:

Չնայած հրավերին՝ Հայաստան չեկավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Անկարան, ըստ էության, խախտելով գագաթնաժողովի ձևաչափը՝ առանց պատճառաբանության հավաքին գործուղել է փոխնախագահ Ջևդեթ Յըլմազին: 2008-ին նախագահ Գյուլի այցից հետո Յըլմազը Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ հարևան երկիր է եկել:

Մենք սերտորեն աշխատում ենք Բաքվի հետ՝ ամրապնդելու երկու երկրների միջև խաղաղությունը. Փաշինյան

«Հույս ունեմ՝ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028-ին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի», - հայտարարեց Հայաստանի վարչապետը գագաթնաժողովի բացման ելույթում։

Նիկոլ Փաշինյանը նշեց առաջին անգամ է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում, Հայաստանում, թեկուզ՝ տեսակապով։

«Այժմ մենք սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք և ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը», - ասաց նա։

Փաշինյանը կարևորեց նաև Թուրքիայի փոխնախագահի մասնակցությունը, ընդգծելով, որ Ջևդեթ Յըլմազը երկրի առաջին փոխնախագահն է, որ այցելում է Հայաստան։

Ալիևը տեսակապով միացավ

Ադրբեջանի նախագահը, դիմելով եվրոպացի առաջնորդներին, կրկին քննադատեց Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» ու «սադրիչ քայլերի» համար։

Բաքվից տեսակապով միանալով Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Ալիևը պնդեց, թե այդ կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ 2021-ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը՝ այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ»,-հայտարարեց Ալիևը, պնդելով, թե դրա փոխարեն եվրոպացի պատգամավորները պետք է անդրադառնան եվրոպական ընտանիքի «հիմնարար խնդիրներին՝ միգրացիա, իսլամաֆոբիա, մրցունակության բացակայություն»։

Եվրախորհրդարանի նախագահը հակադարձում է

Ադրբեջանի նախագահին հակադարձեց Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ հայտարարելով. - «Կարծում եմ՝ տարաձայնություններ պարունակող հանդիպումները միշտ էլ օգտակար են, բայց ցանկանում եմ արագ արձագանքել և ընդգծել, որ ԵՄ խորհրդարանը ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերը ընդունվում են մեծամասնության ձայնով։ Հասկանալի է, որ այդ արդյունքը կարող է դուր չգալ ոմանց, սակայն մենք երբեք չենք փոխի մեր աշխատաոճը և կշարունակենք պաշտպանել մեր որդեգրած դիրքորոշումները»:


Կոշտան խոսեց հայ-ադրբեջանական հարաբերություններից

Պատմական որակելով Երևանում այսօր անցկացվող եվրոպացի առաջնորդների հավաքը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարեց, թե հայ - ադրբեջանական համաձայնությունների շնորհիվ բարելավվել են Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները: Նա նաև խիզախ որակեց Նիկոլ Փաշինյանի քայլերը, նշեց, որ Հայաստանը ավելի է մոտեցել Եվրոպային, և դա «արժե տոնել»:

Մենք պետք է Պուտինին մղենք դեպի դիվանագիտություն. Զելենսկի

Առաջին անգամ Հայաստանում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Իր ելույթում ասաց. - «Մենք պետք է Պուտինին մղենք դեպի դիվանագիտություն: Այս ամռանը Պուտինը պիտի որոշի, թե ինչ է անելու՝ ավելի՞ է ընդլայնելու պատերազմը, թե՞ անցնելու է դիվանագիտությանը»: Զելենսկին կոչ արեց եվրոպացի առաջնորդներին առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որը ուղղված կլինի ռուսական նավթարդյունաբերության, ռազմարդյունաբերության ու բանկերի դեմ:

Խոսելով Մոսկվայում մայիսի 9-ին առանց ռազմական տեխնիկայի նախատեսված շքերթի մասին՝ Զելենսկին ասաց. - «Առաջին անգամ է, որ նրանք չեն կարողանա ռազմական տեխնիկայով անցկացնել շքերթը, որովհետև վախենում են, որ դրոնները կբզզան Կարմիր հրապարակի վերևում: Սա նշանակում է, որ նրանք հիմա ուժեղ չեն, այդ պատճառով մենք պետք է շարունակենք ճնշումը՝ պատժամիջոցների միջոցով»:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հիմնադրվել է Ֆրանսիայի նախագահի առաջարկով հենց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Ռուս - ուկրաինական ճգնաժամը նախորդ գագաթնաժողովի հիմանական թեմաներից է եղել: Երևանում էլ նախագահ Զելենսկին արդեն մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել: Անցած շաբաթ նա Ադրբեջանում էր, որտեղ առաջարկել էր Բաքուն դիտարկել իբրև ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ, բայց Մոսկվան մերժել էր:

Պանելային քննարկումներ, երկկողմ հանդիպումներ

Գագաթնաժողովին կայացան պանելային քննարկումներ Եվրոպայում հիբրիդային սպառնալիքների, ժողովրդավարության դիմակայունության, տնտեսական անվտանգության թեմաներով: Այս տարվա գագաթնաժողովի կարգախոսն է «Կերտելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»: Վարչապետ Փաշինյանի հետ նիստը նախագահում էր Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

Միջոցառման հարթակն օգտագործելով այսօր մի շարք պաշտոնյաներ, այդ թվում Հայաստանի վարչապետը նաև երկկողմ հանդիպումներ անցկացրեցին:

Վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ ունեցավ: Այսօր, մասնավորապես, նա հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Մեծ Բրիտանիայի վարչապետի, Թուրքիայի փոխնախագահի, Ուկրաինայի նախագահի հետ:

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ Հայաստանի վարչապետի հանդիպման արդյունքներով հաղորդվեց, որ երկու երկրները ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրում:

Սա Մեծ Բրիտանիայի ղեկավարի առաջին այցն էր Հայաստան:

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ Հայաստանի վարչապետի հանդիպմանը միացել էին նաև երկու երկրների պաշտոնական բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլիչը, որոնք վերջին տարիներին բանակցում են հայ - թուրքական կարգավորման շուրջ:

Հաղորդվում է, որ Անիի կամուրջը համատեղ վերանորոգելու մասին արձանագրություն է ստորագրվել, ժամկետներ չեն նշվում:


Գագաթնաժողովն ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և Անտոնիու Կոշտայի համատեղ հայտարարությամբ, որը ավելի շատ արարողակարգային էր, հիշատակումներ կային խաղաղության, այդ թվում և Հարավային կովկասի տարածաշրջանում կայունության, Ուկրաինային աջակցության վերաբերյալ:

Այդ համատեղ ասուլիսին մասնակցում էր նաև Իռլանդիայի ղեկավարը:

Եվրոպայի առաջնորդներն այս ձևաչափով հավաքվում են տարեկան երկու անգամ՝ գարնանը և աշնանը, նախորդ գագաթնաժողովները հյուրընկալել են Չեխիան, Մոլդովան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Ալբանիան և Դանիան: Հայաստանից հետո արդեն աշնանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կուղևորվի Իռլանդիա: Ադրբեջանը հեղինակավոր այս միջոցառումն ընդունելու է երկու տարուց՝ 2028-ի գարնանը:

Այսօրվա միջոցառումը լուսաբանում էին մոտ 400 օտարերկրյա և 100 տեղացի լրագրողներ:

Գագաթնաժողովին զուգահեռ՝ բողոքի ակցիաներ

Գագաթնաժողովին զուգահեռ Երևանում բողոքի ակցիաներ էին ընթանում: Այդ թվում ընդդիմադիր ուժերի նախաձեռնած ակցիաների մասնակիցները պահանջում էին Բաքվում պահվող գերիների ազատ արձակում, եվրոպացի առաջնորդներն ուշադրությունն էին հրավիրում «Հայաստանի ժողովրդավարության հետընթացի, քաղբանտարկյալների», արցախցիների իրավունքների խնդիրներին։

Վաղը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Երևանում կանցկացվի Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նաև պաշտոնական այց կկատարի Հայաստան: Երեքշաբթի երևանյան բանակցություններից հետո Մակրոնն ու Փաշինյանը կմեկնեն Գյումրի, որտեղ հայ-ֆրանսիական բացօթյա մեծ համերգ է նախատեսված:

Մայիսի 5-ից 6-ը կանցկացվի նաև արտգործնախարարության ամենամյա «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական ֆորումը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG