Վերամբարձ կռունկի վրա Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանն ավերումից մեկ դար անց օծեց սահմանային Կիրանցի եկեղեցու խաչը, ապա մատուցվեց առաջին պատարագը։
1880-ականներին կառուցված Սուրբ Երրորդությունը ավերվել էր խորհրդային տարիներին։ Այն վերանորոգվել է կառավարության միջոցներով։
«Ավերվել է և վերածվել է պահեստի: Եվ 2023 թվականին կառավարության որոշմամբ՝ միջոցներ հատկացվեցին՝ 64 միլիոն դրամ եկեղեցին վերականգնելու համար։ Եվ այսօր տեղի ունեցավ եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից ընդամենը 30-40 մետր հեռավորության վրա», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Այսօրվա արարողությանը մասնակցած վարչապետը Ադրբեջանի հետ սահմանազատված Կիրանցի եկեղեցու օծումը խորհրդանշական է համարում։
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ տարի հաշտ չէ կաթողիկոսի ու նրան աջակցող հոգևորականների հետ։ Բայց հակակաթողիկոսական արշավն այսօր նրան չխանգարեց ներկա գտնվել եկեղեցու օծման արարողությանը։
Հայկազուն արքեպիսկոպոսը նորոգված եկեղեցում դիմավորեց վարչապետին, սեղմեց նրա ձեռքն ինչպես այդ ժամանակ, այնպես էլ գմբեթի խաչի օծումից հետո՝ եկեղեցու բակում։
Գարեգին Երկրորդի կաթողիկոսությունը պաշտպանող բարձրաստիճան հոգևորականը նաև օրհնեց վարչապետի գործերը, որից մեկն էլ՝ կաթողիկոսի հեռացումը՝ որպես խոստում, տեղ է գտել Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։
«Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, սրբազանը գնացել է օծելու Կիրանցի եկեղեցին, և դա որևէ կապ չունի նախկինում եղած երկրի արգելքի գործընթացի հետ։ Սրբազանը եպիսկոպոս է, գնացել է օծելու տվյալ եկեղեցին», - ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նրա կարծիքով՝ ամիսներ շարունակ եկեղեցիներում պատարագների մասնակցող Փաշինյանի վարքագծում փոփոխություն կա։ Եթե նախկինում վարչապետն այցելում էր այն եկեղեցիներ, որոնք փաստացի գտնվում էին կարգալույծ եղած քահանաների ձեռքում, ինչպես, օրինակ, Հովհաննավանքը, ապա վերջերս սկսել է մասնակցել ոչ կարգալույծ քահանաների մատուցած պատարագներին։
«Բնականաբար, ընդհանուր, որոշակի լարվածության թուլացում տեսնում ենք, բայց չեմ կարծում, որ դրանից պետք է կոնկրետ եզրահանգումներ անել», - ասաց նա։
Այսօրվա պատարագում հնչել է նաև կաթողիկոսի անունը, իսկ Գարեգին Երկրորդի անունը չտալը ամիսներ շարունակ Փաշինյանի՝ պատարագներին մասնակցելու նախապայմանն էր։ Քահանաներին կաթողիկոսի անունը զեղչելու գործին անգամ ԱԱԾ-ն էր միացել։
Տեր Եսայիի խոսքով՝ վարչապետի այսօրվա այցի մասին տեղեկացել են մամուլից։ «Աստծո դռները բաց են բոլորի առաջ»,- շեշտեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը։
Այսօրվա կարգը մատուցած Հայկազուն սրբազանը Գարեգին Երկրորդի ու այլ բարձրաստիճան հոգևորականների հետ մեղադրյալի կարգավիճակ ունի՝ դատական ակտը չկատարելու հոդվածով։ Այդ ակտը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված ու եպիսկոպոսական կարգից զրկված Գևորգ եպիսկոպոսին՝ աշխարհիկ անունով Արման Սարոյանին է վերաբերում։ Ըստ իրավապահների, կաթողիկոսը չպետք է կարգալույծ աներ Սարոյանին, քանի որ վերջինս իրեն հեռացնելու հարցով դատարան էր դիմել։
Ողջ օրվա ընթացքում Հայկազուն արքեպիսկոպոսի հետ կապ հաստատել «Ազատությանը» չհաջողվեց։
Տավուշ թեմի առաջնորդարանի ֆեյսբուքյան էջում այսօրվա արարողության մասին տեքստում ու նկարներում բացակայում են վարչապետի ու նրա թիմակիցների այցի մասին հիշատակումները։