Մատչելիության հղումներ

«Մեղադրանքները փոշիացել են». «Ուժեղ Հայաստան»-ի 17 ձերբակալվածներից միայն 3-ն է տնային կալանքի տակ, մյուսներն ազատության մեջ են

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրները դատարանի մոտ, Երևան, 17-ը ապրիլի, 2026թ.
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրները դատարանի մոտ, Երևան, 17-ը ապրիլի, 2026թ.

Առաջին ատյանի դատարանի դատավորները մերժել են «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներին տնային ու բանտային կալանքի ենթարկելու՝ Քննչականի միջնորդությունների մեծ մասը. 17-ից միայն 3-ի նկատմամբ է սահմանվել տնային կալանք: Փաստաբան Արտակ Խաչատրյանի խոսքով՝ դատարանները հիմնավոր չեն համարել կասկածները, որ ձերբակալվածները հանցանք են գործել:

«Մերժեցին՝ անդրադառնալով նաև հիմնավոր կասկածին, այսինքն՝ փոշիացրեցին վարույթն իրականացնող կողմից կատարված գործողությունները: 17-ի մասով էլ հանցագործության հատկանիշներ որպես այդպիսին չկային, ապօրինի ձերբակալություններ էին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Անցած ուրբաթ ձերբակալվածներին Քննչականը մեղադրում է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի դատավարության օրը դատարանին հարակից փողոցում խմբով խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական գործունեությանը միջամտելու հոդվածներով:

Բողոքի ակցիայի կադրերում երևում է, որ ցուցարարները կանգնած են Թբիլիսյան խճուղու մայթին և փողոցի մի մասում: Ոստիկանությունը պահանջում է ազատել փողոցը, սկսվել է իրարանցում, ցուցարարներից երկուսը շիշ են նետում իրավապահների ուղղությամբ: Փաստաբան Խաչատրյանը, սակայն, ընդգծում է՝ նրանք ձերբակալվածների շարքում չեն: Գուցե սադրիչներ են, ասում է: Քննչականը ևս չի մանրամասնում՝ շիշ նետողները արդյո՞ք մեղադրյալների շարքում են:

«Շիշ նետողները նույնականացված և ձերբակալված չեն ոստիկանության աշխատակիցների կողմից, որի պայմաններում փաստացի ապօրինի քրեական հետապնդում է հարուցվել 17 անձանց նկատմամբ, որոնք որևէ ձևով կապ չունեն: Շատ հնարավոր է՝ շիշ նետողներին հայտնաբերելու, ձերբակալելու պայմաններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իր շարքերում իրականացված, այսպես ասած, ուսումնասիրություններով պարզեր, որ էդ մարդիկ ընդհանրապես որևէ աղերս չունեն այդ կուսակցության հետ և սրանք սադրիչներ են եղել, որի մասին բացեիբաց խոսում էին կուսակցության ներկայացուցիչները», - նշեց Արտակ Խաչատրյանը:

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանը պնդում է՝ իրավապահները բերման են ենթարկել նրանց, ովքեր տուժել են ոստիկանական գործողությունից:

«Խաղաղ ակցիա անող մարդկանց էդ տիպի վերցնել քաշքշել, մարմնական վնասվածքներ է ստացել: Տուժողին տանում են կալանքի՝ դա աբսուրդի ժանրից է», - ընդգծեց Ալեքսանյանը:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի 13-րդ համարը ներկայացնող Էդգար Ղազարյանն էլ ընդգծում է՝ Քննչականը պետք է ոչ թե ցուցարարների, այլ՝ ոստիկանների վարքագիծը քննի: Իրավապահ կառույցն իրականացնո՞ւմ է նման քննություն, թե՞ ոչ, Քննչականից չեն մանրամասնում:

«Հատուկ անհամաչափ ուժ են կիրառել մեր կողմնակիցների նկատմամբ: Մարդիկ հանգիստ իրենց համար փողոցում կանգնած են, փողոցում էլ կանգնած են ինչո՞ւ՝ որովհետև մայթին կանգնելու տեղ չկա՝ շատ են մարդիկ», - նշեց Ղազարյանը:

Ընդդիմադիրներն ընդգծում են՝ ակցիան խաղաղ էր, անօրինական կոչեր չէին հնչեցնում: Պարզապես մարդիկ շատ էին, մայթի վրա չէին կարող տեղավորվել և փորձել էին կանգնել նաև Թբիլիսյան խճուղու մի հատվածում: Բայց ոստիկանությունը պահանջել էր ազատել փողոցը, հրմշտոց էր սկսվել, ոստիկաններն էլ ուժ էին կիրառել, ձերբակալել:

Ամիսներ առաջ՝ Կարապետյանի կալանքը երկարացնելու նիստի ժամանակ, նրա համակիրները էլի հավաքվել էին դատարանի մերձակայքում: Այդ ժամանակ ևս ցուցարարները, որ չէին տեղավորվում մայթի վրա, կանգնել էին հենց Թբիլիսյան խճուղի մի մասում, փողոցը որոշ ժամանակ փակվել էր, բայց այդ ժամանակ ոստիկանների հետ միջադեպ չեղավ:

Ընդդիմադիր Ղազարյանի խոսքով՝ հատուկ են իրենց համակիրներին դարձնում մեղադրյալ, որ զրկեն նախընտրական քարոզչությանը մասնակցելու հնարավորությունից. - «Քրեական գործերով կալանքը, թեկուզ՝ տնային կալանք, խափանման միջոց, այսինքն՝ էդ մարդը ո՛չ հեռախոսից կարա օգտվի, ո՛չ կարա տնից դուրս գա, ո՛չ գրասենյակ... այսինքն՝ քարոզչական աշխատանքից զրկում են, հիմնական ֆունկցիոնալ գործունեությունից զրկում են: Նույնը էս դեպքում է»:

Դատարանի մոտից բերման ենթարկվածների գործը վերջին շրջանում միակը չէ, որ առնչվում է Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժին: Եվս մի քանի գործ էլ հարուցվել է բարեգործության արգելքը խախտելու, ընտրակաշառքի, ինչպես նաև հավաքին մասնակցելու հարկադրանքի և նյութապես շահագրգռելու հոդվածներով:


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG