«Նախորդ շաբաթ կայացած եռակողմ բանակցություններից հետո Մոսկվան սպասում է Կիևի պատասխանին»,- այսօր զինծառայողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Ռուսական կողմը ներկայացրել է մեր դիրքորոշումը՝ այդ թվում տարածքների և [Ուկրաինայի] ապառազմականացման չափորոշիչների վերաբերյալ։ Ուկրաինական կողմը դա ընկալում է, սակայն պատասխան դեռ չկա»,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։
BBC-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Ուկրաինան չի համաձայնի տարածքային զիջումների՝ կրակի դադարեցման դիմաց»:
Ուկրաինայի նախագահի պնդմամբ.- «Խոսքը զուտ տարածքների մասին չէ։ Ես դա ընկալում եմ որպես կապիտուլյացիա, երբ դու բախտի քմահաճույքին ես թողնում այդ տարածքներում ապրող հարյուր հազարավոր մարդկանց։ Ես նաև վստահ եմ, որ նման նահանջը կպառակտի մեր հասարակությանը»,- պնդել է Զելենսկին։
Խաղաղության ամերիկյան ծրագրի առանցքային կետերից մեկը ուկրաինական զորքերի դուրսբերումն է Դոնեցկի մարզի այն շրջաններից, որոնք դեռևս վերահսկվում են Կիևի կողմից։ Ուկրաինական կողմը հրաժարվում է կատարել այս պահանջը։