Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումն ու նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։
«Սույն գործողությունն արտահայտությունն է Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և շարունակությունը հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի: Բարձրաստիճան հոգևորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է», - ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների «ապօրինի հետապնդումները և վերականգնել նրանց խախտված իրավունքները»:
Դատարանն այսօր բավարարեց քննիչի միջնորդությունը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք: Ըստ փաստաբանի, Արշակ արքեպիսկոպոսին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։ Կալանքի միջնորդության հարցը քննում էր դատավոր Մասիս Մելքոնյանն, ով ամիսներ առաջ կալանավորել էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին, Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ սրբազանին:
Քննչական կոմիտեից երեկ հաղորդել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):
Փաստաբանն ավելի ուշ մանրամասնել է, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ:
Խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասին է:
2018թ. հունիսին կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիաներ ու խաչերթեր էին անցկացվել: Հրաժարականը պահանջող խմբի անդամները պնդում էին՝ Գարեգին Երկրորդն իրականությունից կտրվել է, որպես հոգևոր առաջնորդ նա այլևս ընդունված ու սիրված չէ ժողովրդի կողմից։