Մատչելիության հղումներ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ստահոդ են որակել Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի հայտարարությունները


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի հայտարարություններին՝ դրանք ստահոդ որակելով:

«Կեղծիքի տարածման մեջ գերազանցելով ինքն իրեն՝ Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայաստանում և տարածաշրջանում տասնյակ դարեր գործող հայկական սրբավայրերը, անգամ 1700-ամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, գտնվում են «պատմական ադրբեջանական հողերում», և հայերը որպես թե «յուրացրել են» այդ տարածքները», - նշված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Հայ առաքելական եկեղեցին զավեշտալի է որակել, որ «Խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմն ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել պատմականությունը հայ ժողովրդի, որի հազարամյակների ստեղծագործ կյանքի ու հոգևոր-մշակութային ժառանգության արժեքն ու պատկանելությունը համընդհանուր ճանաչում ստացած իրողություններ են»։

«Առավել քան զարմանալի է, որ այլոց արժեքների յուրացման մեջ հայ ազգին ուղղված մեղադրանքները ներկայացնում է մի երկրի ներկայացուցիչ, որի պետության անվանումն իսկ յուրացված է այլ երկրից ու ժողովրդից»։

Օրերս Բաքվում կայացած Ղազիների խորհրդի նիստը՝ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորությամբ, որոշել էր «Երևանի մասնաճյուղ»՝ «ղազիյաթ» ստեղծել։

Մայր Աթոռը նշել է, որ նման վարքագիծը ապացուցում է, որ «Ադրբեջանը հենց ինքն է, Փաշազադեի խոսքերով ասված, սպառնալիք տարածաշրջանի հարևան երկրների համար»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG