Նախնական պայմանավորվածությամբ, Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստան կժամանի հունիսի 5-6-ը, Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն ՍիմոնյանԸ։
«Պաշտոնական այց է, երկկողմ տարբեր հարցեր կան, որոնք որ մնացել են, կփորձենք այդ հարցերը լուծել», - նշեց Սիմոնյանն՝ այլ մանրամասնել չներկայացնելով։
Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն անելի վաղ նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երևան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
Սիմոնյանն այսօր ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել։
«ՀԱՊԿ-ն այն նույն ՀԱՊԿ-ն է, որի գնահատականը մենք տվել ենք, որը թերևս ռուսական կողմի համար ամենացավոտն է, նույնն է մնացել, ԱՊՀ-ի շրջանակում մեր հարաբերությունները նույն են մնացել, ԱՊՀ-ի շրջանակում մենք աշխատել ենք ու շարունակելու ենք աշխատել, դրա պատճառները հայտնի են և հիմնավորումները ևս», - ասաց ԱԺ խոսնակը։
Մատվիենկոյի Հայաստան այցելելու մասին դեռ հունվարի վերջին Մոսկվայում, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն՝ առանց ժամկետներ հստակեցնելու։
Լավրովն ասել էր նաև, որ ինքն էլ է գալու Երևան։ Միրզոյանն էլ արձագանքել էր․ - «Երջանիկ կլինեմ ու սիրով կսպասեմ Ձեզ Երևանում»։
Փետրվարի վերջին Սիմոնյանն ու Մատվիենկոն հեռախոսազրույց ունեցան։ Հայկական կողմը նշեց, որ քննարկվել են նաև Մատվիենկոյի՝ Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցեր։