Մատչելիության հղումներ

«Մատներս ծռեց հակառակ ու ջարդեց». Հայաստանում բռնության դեպքերն ավելանում են, բռնարարների պատիժները՝ մեղմվում


Նարեն (անունը փոխված է) տարիներ առաջ ամուսնու բռունցքներից փախել ու Հայաստանի հեռավոր մարզերից մեկում, անչափահաս երեխաների հետ նոր կյանք էր սկսել: Գլխով անցած սարսափները դեռ չհաղթահարած, այդ փոքրիկ գյուղում այլ պատմության մեջ է ընկել. գրեթե ամեն օր նրան մի տղամարդ է սկսել հետապնդել: Նարեի խոսքով՝ հնարավոր բոլոր տարբերակներով բացատրել է հեռու մնալ իրենից:

«Առաջարկեց վերջին անգամ իր մեքենայում զրուցենք, որ հանգիստ թողնի ինձ: Սխալս համաձայնելն էր, առևանգեց ինձ», - պատմեց Նարեն: Ըստ կնոջ՝ տղամարդն իրեն տարել է ընտանեկան ամառանոց ու պահել այնտեղ մինչև ուշ գիշեր։

Որոշ հնարքներ գործի դնելուց հետո կինը կարողացել է փախչել տղամարդու ամառանոցից։ Իրեն առևանգած տղամարդու ծնողները հորդորել են՝ իրավապահներին չդիմել: Նարեն, սակայն, դիմել է ոստիկանություն: Գործը հասել է դատարան ու 4 տարվա քննությունից հետո տղամարդն ազատազրկվել է 4 տարով:

Կնոջ փաստաբանը՝ Ինեսսա Պետրոսյանը համարում է, որ դատարանը մեղմ պատիժ է սահմանել կնոջն առևանգած և բռնաբարության փորձ արած տղամարու նկատմամբ: Վերջինիս փաստաբանը, սակայն, բողոքարկել է դատարանի որոշումն ու պահանջել անմեղ ճանաչել նրան։

Փաստաբանն առավել անտրամաբանական է համարում դատարանի մեկ այլ վճիռ՝ 13-ամյա անչափահասի հետ սեռական հարաբերություն ունեցած ու նրան մայրացրած չափահաս տղամարդու երկամսյա ազատազրկումը:

Եթե նախկինում մինչև 14 տարեկան անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալը պատժվում էր 5-ից12 տարվա ազատազրկմամբ, ապա 2022-ից հետո այդ պատիժը մեղմացվել է՝ 2 ամսից մինչև 5 տարի։

Այս երկու գործերի օրինակով, Ինեսսա Պետրոսյանն ասում է՝ դատական գործերը հիմանակնում ձգձգվում են, մեղադրյալները հաճախ այդ ողջ ընթացքում ազատության մեջ են մնում ու հնարավորություն ունենում ոչ միայն սպառնալ տուժողներին, այլև մոտենալ: Փաստաբանը տարակուսած է՝ ազատության մեջ են թողնում, որ կիսատ գործն ավարտին հասցնե՞ն։


Առևանգված կնոջ ու 13 տարեկանում մայրացած անչափահասին փաստաբանական ու հոգեաբանական անվճար ծառայություններ մատուցող «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» սոցաշխատող Լինա Անտոնյանն ասում է՝ տարիներով սպասել են այս երկու գործին, բայց կնոջ առևանգման ու բռնաբարության փորձի մեջ մեղադրվողին՝ 4 տարվա, իսկ անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունեցած տղամարդուն 2 ամսվա ազատազրկման դատապարտելով՝ դատարանն ինքնին նպաստում է այս հանցագործությունների աճին:

Հայաստանում արդեն 17 տարի գործող «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» սոցաշխատողն ասում է՝ իրենց վիճակագրական տվյալները մտահոգիչ էն: Ըստ նրա՝ եթե մինչև 2024-ը սեռական բռնության դեպքերը չեն հատել 35-ը, ապա միայն 2024-ին արդեն սեռական բռնության 43 դեպք են ունեցել, որից 14-ն անչափահասներ, իսկ բռնարարները հիմնականում՝ ընտանիքի անդամներ են, կամ մոտ ազգականներ, ընկերներ:

Քննչական կոմիտեի տվյալներով՝ 2023-ի համեմատ 2024-ին անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների թիվը 215-ով աճել է, հասնելով 1374-ի: 37-ով էլ աճել է դատարան ուղարկված գործերի թիվը, դրանց 18-ից 26 տոկոսը եղել են սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ:

Մանրամասները՝ տեսանյութում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG