Մատչելիության հղումներ

Մարտունու ԲԿ բուժքույրը պնդում է՝ իրեն անհիմն են խիստ նկատողություն տվել


Բուժքույր Վարդուհի Գրիգորյանը պնդում է՝ «Մարտունու բժշկական կենտրոնի» տնօրենն անհիմն է իրեն խիստ նկատողություն տվել: Կասկածներ ունի, որ տնօրինությունն իր հաստիքում այլ մարդու է տեսնում: Իսկ խնդիրն, ըստ նրա, ծագել է, երբ հրաժարվել է կատարել ավագ բուժքրոջ պահանջը՝ ստորագրել, թե ինքն է բուժման նպատակով հիվանդին թմրադեղ ներարկել. - «Ավագ բուժքույրը պարտադրում էր՝ իր օգտագործած դեղորայքը գրեի իմ անունով: Ինձ տվեցին խիստ նկատողություն իմ չարածի համար»:

«Ազատության» հետ զրույցում Վարդուհի Գրիգորյանն ասաց՝ դա բուժման ընդունելի ընթացակարգ է, կստորագրեր, եթե իսկապես ինքը ներարկած լիներ: Մինչդեռ հիվանդանոցում ստեղծված հանձնաժողովը որոշել է՝ բուժքույրն աշխատանքային բացթողումներն է ունեցել, հիվանդների բուժումները ժամանակին չի կատարել ու վիճել է գործընկերների հետ: Գրիգորյանը չընդունելով այս մեղադրանքները՝ դիմել է տնօրենին, որ վերանայի որոշումը, ասում է՝ անտեսեց. - «Ինչի համար որոշեցին ինձ տալ խիստ նկատողություն, որ ես 16 տարի աշխատել եմ, ոչ գրավոր նկատողություն եմ ունեցել, որ ինչ-որ մի հարցով եմ թերացել, ու միանգամից հանձնաժողովը որոշում է, որ պիտի ինձ տա խիստ նկատողություն»:

Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բուժքույրն իրավական աջակցության համար դիմել է «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպությանը: Նախագահ Անուշ Պողոսյանը հուշել է՝ հիվանդանոցը գործում է Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ, բուժքրոջը խորհուրդ է տվել դիմել նախ մարզպետին և առողջապահության վարչության պետին: Դիմել է, բայց, ասում է, այստեղից էլ աջակցություն չի ստացել. - «Ոչ մեկն ինձ օգնության ձեռք չմեկնեց»:

Այսօր «Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել մարզպետի հետ, իսկ առողջապահության վարչության պետը նախ ասաց, որ զբաղված է, հետո առհասարակ դադարեց պատասխանել զանգերին: Հաջորդ քայլով բուժքույրը դիմել է առողջապահության նախարարի հրամանով ստեղծված էթիկայի հանձնաժողով, որն անկախ մարմին է:

«Էթիկայի հանձնաժողովը այդ բողոքը թողնում է անպատասխան: Երկրորդ անգամ է գրում բուժքույրը և պատասխան չի ստանում», - փոխանցեց Անուշ Պողոսյանը՝ շարունակելով. - «Էթիկայի հանձնաժողովը պետք է քններ գործը, պետք է տար եզրակացություն՝ նույն Գեղարքունիքի մարզպետարանին, բժշկական կենտրոնի տնօրենին, իր եզրահանգումը պետք է աներ, որտեղ պետք է կիրառվեր վարչարարությունը»:

Էթիկայի հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը պատմեց՝ բուժքույր Վարդուհի Գրիգորյանն իրենց ոչ թե երկու, այլ մեկ գրություն է ուղարկել, և դա հիվանդանոցի տնօրենին ուղղված բացատրագիրն է եղել: «Էթիկայի հանձնաժողովը տեսչական մարմնի գործառույթ չի կարող իրականացնել ու բավարարել բուժքրոջ պահանջը, այն է՝ գնահատական տալ տնօրենի գործողություններին», - ասաց Աբգարյանը:

Վերջին քայլով բուժքույրն արդեն դատարան է դիմել, որովհետև, ասաց, խիստ նկատողությանը հաջորդելու էր աշխատանքից հեռացնելը: Դատարանն էլ անվավեր է ճանաչել Մարտունու ԲԿ տնօրենի կողմից բուժքրոջ նկատմամբ կիրառված կարգապահական տույժը: Ու չնայած սրան՝ տնօրեն Անդրանիկ Հարությունյանն «Ազատությանն» ասաց՝ խիստ նկատողությունը տեղին է, պարզապես ընթացակարգային խախտումներով է արվել, տվել է այն ժամանակ, երբ բուժքույրն արձակուրդում է եղել. - «Պարզապես ծանուցումները պատշաճ չի տրվել, դրա համար է դատարանը չեղարկել»:

Բուժքույրը պնդում է, որ իր իրավունքները ոտնահարվել են հիվանդանոցում, իսկ ՀԿ ղեկավարը շարունակում է՝ այդ կլինիկայի շատ բուժքույրեր են իրեն դիմել նույն խնդրով, պարզապես աշխատանքը չկորցնելու մտահոգությամբ գերադասել են անանուն մնալ: Տնօրենը սա էլ է հերքում:

«Առողջության իրավունք» ՀԿ ղեկավար Անուշ Պողոսյանն ասում է՝ այս մեկ պատմությամբ համոզվել է. - «Պետք է հասկանանք, որ մեր վարչարարական մեխանիզմները այլևս չեն գործում, և պետք է վերանայել էդ ամեն ինչը, եթե պետք է իրավական ակտեր փոխվի: Ո՞ւմ դիմի իրավունքների խախտումով բուժքույրը՝ դատարա՞ն, իսկ դատարանի ընթացակարգերը այնքան բարդ են ու այնքան ծախսատար, ամեն մեկը իրեն չի կարող թույլ տալ նմանատիպ խնդիրներ լուծել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG