Մատչելիության հղումներ

Մարուքյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ կառավարության՝ Արարատի պատկերը կնիքից հեռացնելու որոշման պատճառով


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ կառավարության: Մարուքյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել գործադիրի այն որոշումը, որով Արարատ լեռան պատկերը հեռացվելու է պետական սահմանը հատելու կնիքի վրայից:

Մարուքյանի կարծիքով՝ կառավարության որոշումը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին. «Որպես քաղաքացի դիմել եմ դատարան, ես պնդում եմ, որ Սահմանադրությամբ պաշտպանված իմ ազգային ինքնության իրավունքը, իմ ազգային իրավունքին գումարած մարդկային արժանապատվությունն այս իմաստով նաև ոտնահարվելու է և քանի դեռ չի սկսել ոտնահարվել, դատարանից պահանջում եմ կասեցնել և անվավեր ճանաչել»:

Գործադիրն որոշումն ընդունել է սեպտեմբերի սկզբին չզեկուցվող ընթացակարգով, այն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 1-ից: Պատճառների մասին փաստաթղթում չկա ոչ մի հիմնավորում: Հետագայում արդեն, երբ թեմայի վերաբերյալ աղկում բարձրացավ, և հնչեցին քննադատություններ, իշխանական տարբեր ներկայացուցիչներ բացատրեցին, որ Հայաստանի կնիքները չպետք է վտանգավոր մեսիջներ ուղարկեն հարևաններին, համահունչ լինեն իրական Հայաստանի գաղափարախոսությանը:

Նման մի բացատրություն էլ անուղղակի կերպով տրվել էր վարչապետի կողմից. «Դու քո տոնը կառուցել ես քո կադաստրային գծից ներս, բայց տանդ, առավել ևս արտաքին պատերին նկարել ես նկար, որը խորհրդանշում է քո ընկալումը, որ հարևանդ արժանի չի ունենալ այն, ինչ ունի, և ամեն գարուն այդ նկարի գույները թարմացնում ես, և այլն, նոր էլեմենտներ ես ավելացնում ... Սկզբունքորեն ի՞նչ ա՝ մեկ ա սահմանիդ մեջ ես և այլն, բայց դա նյարդ ա, դա նյարդայացնելու է ու դառնալու է վեճ, կոնֆլիկտ, կռիվ, պատերազմ»:

Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ այն հիմնավորումները, որոնք ներկայացնում են ՔՊ-ականները Հայաստանի պետական սահմանահատման կնիքից Արարատի պատկերը հանելու համար, նույն պատճառաբանություններով այն կհանեն նաև զինանշանից:

«Սակայն զինանշանի վրայից հանելու համար պետք է Սահմանադրություն փոխեն, օրենք փոխեն, և մեծ պրոցես է, բայց մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, որպես ժողովուրդ, հանդուրժո՞ւմ ենք այս ամեն ինչը», - հարցնում է ԼՀԿ ղեկավարը:

Որոշման ուժի մեջ մտելուն երկու շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել: Մարուքյանը նաև պահաջնել է դատարանից հայցի ապահովման միջոց կիրառել և թույլ չտալ՝ այն ուժի մեջ մտնի, մինչև բուն վճիռը կկայացվի:

«Քաղաքացիական պայմանագրում» քննարկո՞ւմ են արդյոք զինանշանից ևս հեռացնել Արարատ լեռան պատկերը. պատգամավոր Ալխաս Ղազարյանը, որ նաև կուսակցության նորընտիր վարչության անդամ է, պնդեց՝ նման քննարկում չկա. «Բացառում եմ նման բան, նման քննարկում չկա, չի էլ եղել, այդպիսի խոսք էլ չկա»:

Իշխանական պատգամավորի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի այս քայլը խորհրդարանական ընտրություններից առաջ որևէ ընդդիմադիր ուժի ցուցակում ընդգրկվելու համար է:

XS
SM
MD
LG