Աֆրիկյան Մալիի հյուսիսում, Ալժիրի հետ սահմանից ոչ հեռու, տուարեգ ցեղի ապստամբները, ըստ տեղական և ռուսական աղբյուրների, ջախջախել են կառավարական ուժերի զինված շարասյունը, որը հիմնականում բաղկացած էր ռուսական «Վագներ»-ի վարձկաններից:
Ըստ Reuters-ի՝ տուարեգները մարտի ընթացքում երկու մարդ են կորցրել, վարձկաններն՝ առնվազն 20: Ռուսական ռազմական տելեգրամ ալիքները «Վագներ»-ի կորուստների ավելի մեծ թիվ են նշում՝ մինչև 50 սպանվածներ և գերեվարվածներ։
Անցած տարի «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի տապալված ապստամբությունից և մի քանի ամիս անց օդանավի կործանման հետևանքով նրա մահից հետո Ռուսաստանի իշխանությունները ստեղծեցին ռուսական «Աֆրիկյան կորպուսը», որը հիմնականում բաղկացած է «Վագներ» մասնավոր բանակի նախկին վարձկաններից։
Ազավադ անունով պետության ստեղծման համար պայքարող ու վերջին 12 տարիներին Մալիի հյուսիսային հատվածը վերահսկող տուարեգները դարանակալել են ռուսաստանցի և Մալիի զինվորականների շարասյունը ավազի փոթորիկի ժամանակ։ Ռուս վարձկանների շարասյան մահվան մասին հայտնի դարձավ հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը։
Մինչ այդ մարտը՝ ռուսական ռազմական ալիքները մի քանի օր անընդմեջ՝ հուլիսի 20-ից սկսած, կանխատեսում էին իսլամական տուարեգ անջատականների արագ պարտությունը։
Հուլիսի 20-ից սկսված ռուսական Աֆրիկայի կորպուսը և Մալիի բանակը հաջողություններ էին արձանագրում։ Մեկ շաբաթ առաջ նրանց նույնիսկ հաջողվել էր վերահսկողության տակ առնել Ալժիրի հետ սահմանին գտնվող Ին-Աֆարակ գյուղը։ Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը ռուս վարձկանների շարասյունը սկսեց առաջխաղացումը արդեն Ալժիրում գտնվող Թին-Զավատին քաղաքի ուղղությամբ։
Վարձկանների հետ կապված տելեգրամ ալիքները գրում են, որ երբ զինվորականները Մալի-Ալժիրի սահմանից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա էին, սկսվել էր ավազի փոթորիկը, ինչի պատճառով էլ շարասյան առաջխաղացումը կասեցվել էր։ Տեղի ապստամբներն, օգտվելով այդ պայմաններից, դարանակալեցին նախկին վագներականներին։ Սա 18 թվականին սիրիական Հաշամի ճակատամարտից հետո «հեռավոր ուղղություններում» կռվող ռուսական բանակի ամենամեծ կորուստն է։
Այսօր «Վագներ»-ը հաստատեց, որ իրադարձություններն այս կերպ են զարգացել, և որ ռազմական խմբավորումը կորուստներ է կրել: Ընկերության հրապարակած հայտարարությունում, սակայն, մահացածների թիվը չի նշվում։
Արդեն հաստատված սպանվածների թվում է «Վագներ»-ի ամենահյատնի, 500 հազար հետևորդ ունեցող Gray Zone տելեգրամ ալիքի ադմինիստրատոր Նիկիտա Ֆեդյանինը:
Ռուս վարձկանների պարտության մասին տվյալները հաստատել են տուարեգները։ Արևմտյան լրատվամիջոցները մեջբերում են նրանց ներկայացուցիչ Մուհամեդ Էլմաուլուդ Ռամադանի խոսքերը. - «Շաբաթ օրը մեր ուժերը վճռական պարտություն են հասցրել թշնամու շարասյուներին, մեծ քանակությամբ տեխնիկա և սպառազինություն է վնասվել կամ գրավվել, կան նաև գերիներ»։
«Վագներ»-ի վարձկանները Մալիում են հայտնվել 2021 թվականին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից մի քանի ամիս առաջ։ Այդ ժամանակ նրանք արդեն Աֆրիկայում՝ Սուդանում, Լիբիայում և Մոզամբիկում կռվելու փորձ ունեին, իսկ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում «Վագներ»-ի վարձկաններն օգնեցին նախագահ Տուադերային հաղթահարել ապստամբների դիմադրությունը և վերընտրվել երկրորդ նախագահական ժամկետում։
2021-ի մայիսին Մալիում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որի հետևանքով իշխանության եկավ գնդապետ Ասիմի Գոյտան, ով դեռևս ժամանակավոր նախագահի կարգավիճակ ունի, քանի որ երկրում ընտրություններ չեն անցկացվել։
Գոյտայի իշխանության գալուց անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց «Բարխանե» օպերացիայի ավարտի մասին, որի շրջանակներում երկրում էր ֆրանսիական խաղաղապահ զորախումբը, ու որի օգնությամբ նախորդ նախագահ Իբրահիմ Քեյտան կռվում էր տուարեգ անջատողականների դեմ։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 5 հազար ֆրանսիացի զինվոր լքեց Մալին, և գնդապետ Գոյտան նրանց փոխարինելու հրավիրեց «Վագներ»-ի վարձկաններին։
Եվ չնայած ռուս-ուկրաինական պատերազմից հետո Մոսկվան ակնհայտորեն ժամանակ չուներ աֆրիկյան ճակատների համար, Եվգենի Պրիգոժինի ընկերության վարձկանները շարունակեցին մնալ տարածաշրջանի երկրներում: Պրիգոժինի հունիսյան ապստամբությունից և 2023 թվականի օգոստոսին նրա մահից հետո պաշտպանության փոխնախարար Յունուս-բեկ Եվկուրովը շրջայց կատարեց այն երկրներում, որտեղ գտնվում էին ռուս վարձկանները:
Այս ուղևորությունների արդյունքում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ձևավորեց իր «Աֆրիկյան կորպուսը», որի հետ , այդ ժամանակ գտնվում էին Սիրիայում, Լիբիայում, Մալիում և Բուրկինա Ֆասոյում գտնվող Պրիգոժինի նախկին վարձկանները վերստորագրեցին պայմանագրեր։
Տուարեգները բերբերական ժողովուրդ են, ապրում են Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում՝ Նիգերում, Մալիում, Ալժիրում և Լիբիայում։ 2012-ին Մալիի հյուսիսում գտնվող տուարեգները հռչակել են Ազավադ չճանաչված պետությունը։