Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիություն ունեցող Անահիտ Թաթոյանի ընտանիքը երեկ սեփական մեքենայով չի կարողացել Բագրատաշենի մաքսակետով մտնել Հայաստան: Պահանջել են՝ կա՛մ վրացական պետհամարանիշով իրենց «Օպել» մակնիշի համար մոտ 4 հազար դոլարի չափով դեպոզիտային գումար թողնել սահմանին, կա՛մ էլ մաքսազերծել այն, որ նույնքան գումար կկազմի իրենց 8 տարի առաջ գնած մեքենայի համար:
Անահիտն ու իր ամուսինը, որ երկքաղաքացի են ու գրեթե ամեն շաբաթ մեկնում են Վրաստանի Խոժոռնի գյուղի իրենց հայրական տուն, տարօրինակ են համարել մաքսավորների պահանջը: Անահիտը երեխաների հետ եկել է Վանաձոր, իսկ ամուսինն իրենց վրացական համարներով «Օպել»-ի հետ մնացել է սահմանի մյուս կողմում:
«Ասում են՝ նոր օրենք է, բայց իրենք էլ ոչնչից դեռևս տեղյակ չեն: Նորմալ պատասխան ոչ մեկից չենք լսել: Մեկն ասում է՝ արժեքին համապատասխան գումար, մեկն ասում է՝ մաքսազերծման արժեքին համապատասխան», - պատմեց նա:
Պետեկամուտների կոմիտեից «Ազատությանը» նույնպես ողջ օրվա ընթացքում այդպես էլ հստակ չպատասխանեցին, թե ինչ նոր օրենքի կիրառման մասին է, որ փետրվարի 1-ից ուժի մեջ է մտել ու խնդիրների առաջ կանգնեցրել Հայաստանի ու Վրաստանի երկքաղաքացիներին: Հղում արեցին 2023 թվականի նոյեմբերի 30-ի կառավարության որոշմանը, ըստ որի՝ Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների քաղաքացիները չեն կարող Հայաստանում վրացական համարներով ավտոմեքենաներ վարել առանց մաքսազերծման:
Դեռ այդ օրերին էր, որ վրացական համարանիշներով ավտոմեքենաների տերերը Հայաստանում բողոքի ակցիաներ էին իրականացնում, դժգոհում, որ պետությունն իրենց մեծ ծախսերի առաջ է կանգնեցնում: Ի վերջո օրենքն ուժի մեջ մտավ, բայց խորհրդարանում ի պատասխան պատգամավորների հարցերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ երկքաղաքացիները խոչընդոտներ չեն ունենա:
Դրանից հետո Հայաստանի և Վրաստանի երկքաղաքացիներն անարգել շահագործել են իրենց մեքենաները նաև Հայաստանում: Մինչդեռ օրենքի ընդունումից մեկ տարի անց այն հանկարծ փաստացի սկսել է կիրառվել նաև երկքաղաքացիների նկատմամբ:
Անահիտ Թաթոյանն ասաց՝ իրենց մեքենան Հայաստան բերելու համար սահմանին երեք ելք են առաջարկել, երեքն էլ՝ իրենց համար անընդունելի՝ կարող են մեքենան գրանցել միայն Վրաստանի քաղաքացիություն ունեցող այլ անձի անունով, ու ամեն անգամ նրա հետ մուտք գործել Հայաստան:
«Դա շատ բարդ խնդիր է», - նկատեց նա:
Երկրորդ տարբերակով պետք է մեքենան Հայաստանում մաքսազերծել, ինչը մեծ գումարներ է ենթադրում: Երրորդ՝ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու տարբերակն Անահիտին անհեթեթ է թվում:
Այս խնդրին Անահիտ Թաթոյանի հաշվարկներով կարող են բախվել Վրաստանի հայաբնակ գյուղերի հազարավոր քաղաքացիներ, որոնք դեռ տարիներ առաջ Վրաստանում մաքսազերծել են իրենց մեքենաներն ու Հայաստանի հետ մշտական կապի մեջ են:
«Մենք Մառնեուլիի հայկական բնակավայրերում ենք բնակվում: Այստեղ երևի մինչև հազար մարդու մասին է խոսքը: Ախալքալաքի ու Ախալցխայի մարդկանց էլ վերցրած՝ ամենաքիչը երևի 5 հազար մարդու մասին է խոսքը», - նշեց Անահիտ Թաթոյանը:
«Ազատություն»-ն առավել հստակ պարզաբանումներ ստանալու համար գրավոր հարցմամբ դիմել է Պետեկամուտների կոմիտե: