Մատչելիության հղումներ

Մակրոնը դատի է տվել փոդքաստ վարողին՝ իր կնոջ սեռի մասին պնդումների պատճառով


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և նրա տիկինը՝ Բրիջիտ Մակրոնը, ԱՄՆ-ում զրպարտության հայց են ներկայացրել աջակողմյան ինֆլուենսեր և փոդքաստ վարող Քենդիս Օուենսի դեմ։ Հայցը վերաբերում է Օուենսի պնդումներին, ըստ որոնց՝ Ֆրանսիայի առաջին տիկինը արական սեռ ունի:

Մակրոններն իրենց հայցում, որը ներկայացվել է Դելավերի նահանգի վերաքննիչ դատարան, նշում են, որ Օուենսը տարածել է սուտ տեղեկությունների վրա հիմնված «համաշխարհային նվաստացման արշավ»՝ նպաստելու իր փոդքաստի տարածմանը և ավելացնելու երկրպագուների թիվը։ Ըստ հայցի՝ այդ պնդումներից է այն, որ Բրիջիտ Մակրոնը ծնվել է «Ժան-Միշել Տրոնյե» անունով, որը առաջին տիկնոջ ավագ եղբոր անունն է։

«Օուենսը վերլուծել է նրանց արտաքին տեսքը, ամուսնությունը, ընտանիքն ու կենսագրությունը՝ վերածելով դա վիրավորական ու նվաստացուցիչ պատմության», - ասված է բողոքում։ Արդյունքում, նշվում է՝ Բրիժիտ Մակրոնն աշխարհով մեկ դարձել է բուլինգի զոհ։

Ի պատասխան Օուենսը իր փոդքաստում հայտարարել է, որ հայցը «լի է փաստական անհամապատասխանություններով» և «հստակ հասարակական հարաբերությունների մանիպուլյացիա է»՝ ուղղված իր հեղինակությունը սևացնելուն։

Իրենց փաստաբանների տարածած համատեղ հայտարարության մեջ Մակրոններն ասել են, որ փորձել են երեք անգամ համոզել Օուենսին հրաժարվել այդ պնդումներից, սակայն վերջինս մերժել է։

Օուենսը 6.9 միլիոն հետևորդ ունի X հարթակում և 4.5 միլիոն՝ YouTube-ում։ Մակրոնների հայցի հիմքում նրա «Becoming Brigitte» անունով ութմասանոց փոդքաստն է, որն ունի ավելի քան 2.3 միլիոն դիտում։ Փոդքաստում, ըստ Մակրոնների, ներկայացվել են «համոզիչ կերպով կեղծ ու վնասակար պնդումներ», այդ թվում՝ թե Բրիժիտ Մակրոնը գողացել է ուրիշի ինքնությունը, անցել սեռափոխման գործընթաց, և որ Մակրոններն արյունակից ազգականներ են:

Բրիժիտ Մակրոնի սեռի մասին շահարկումները սկսվել են 2021-ից, և թեման լուսաբանվել է նաև հայտնի պահպանողական փոդքաստերում՝ Թաքեր Կարլսոնի և Ջո Ռոգանի մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG