Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Ռուսաստանից ուկրաինացի երեխաներին վերադարձնել պահանջող բանաձև է ընդունել


ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանը, Նյու Յորք, 4-ը դեկտեմբերի, 2025թ.
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանը, Նյու Յորք, 4-ը դեկտեմբերի, 2025թ.

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը չորեքշաբթի օրը հատուկ նստաշրջանում բանաձև է ընդունել, որով Ռուսաստանից պահանջում է անհապաղ, անվտանգ և անվերապահ վերադարձնել բոլոր ուկրաինացի երեխաներին, որոնք բռնի դուրս են բերվել կամ տեղահանվել են իր զորքերի օկուպացրած տարածքներից:

Փաստաթղթում Ռուսաստանին կոչ է արվում դադարեցնել ուկրաինացի երեխաներին ստիպողաբար տեղահանելու, ծնողներից և օրինական խնամակալներից բաժանելու և նրանց կարգավիճակը՝ այդ թվում քաղաքացիությունը փոփոխելու և որդեգրելու գործելակերպը, ինչպես նաև անչափահասների գաղափարական մշակումը:

Բանաձևը պաշտպանել է 91 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Եվրամիության երկրները, Ուկրաինան և Վրաստանը, դեմ է քվեարկել 11 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Բելառուսը, Կուբան, Իրանը, 57 երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Հայաստանը և Կենտրոնական Ասիայի պետությունները, ձեռնպահ են քվեարկել:

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն իր զորքերի օկուպացրած տարածքներից դուրս է բերել առնվազն 20 հազար երեխաների, որոնցից ընդամենը շուրջ 1850-ին է հաջողվել վերադարձնել: Մոսկվան համաձայն չէ այդ թվերին, ինչպես նաև բռնի տեղահանում ձևակերպմանը՝ պնդելով, թե երեխաների դուրսբերումն իրականացվել է նրանց «անվտանգության ապահովման նպատակներով», և որ պատրաստ է նրանց վերադարձնել հարազատներին, եթե նրանք դա խնդրեն:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևերը պարտադիր չեն կատարման համար՝ ի տարբերություն կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերի:

2023-ի մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր տվեց։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական տեղահանման մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG